Թայվանի նախագահ Ցայ Ինվենը առաջին անգամ պաշտոնական ներողություն է խնդրել երկրի բնիկներից այն ճնշումների համար, որոնց ենթարկվել են 400 տարվա ընթացքում՝ այն ժամանակվանից, երբ էթնիկ չինացիներն են վերաբնակեցվել կղզում, հայտնում է BBC–ն:

Թայվանի բնիկները, որոնց նաեւ գաոշան են կոչում, հիմա կազմում են կղզու բնակչության ընդամենը 2 տոկոսը: Այդ ազգության ներկայացուցիչները բազմիցս բողքել են հին հողերը կորցնելու ու կյանքի ավանդական կենսակերպը պահպանելու անհնարության պատճառով:Այս ազգության ներկայացուցիչներից շատերը խոսում են ավստրոնեզիական լեզուներով, չնայած ոմանք էլ մասամբ կամ ամբողջովին անցել են չինարենին:

Ցայը հանդիպել է 16 էթնիկ խմբերի առաջնորդների հետ ու հիշատակի համար լուսանկարվել նրանց հետ: Հանդիպման ընթացքում անցել է նաեւ նվերների փոխանակության ավանդական արարողությունը:

Բացի դրանից Ցայի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ բնիկ ժողովուրդների հարցերով հատուկ հանձնաժողով է ստեղծում, որը սկզբնական ժամանակահատվածում պետք է հենց նախագահը ղեկավարի: