Սաուդյան Արաբիայում շինարարական աշխատանքներից ազատված ավելի քան 10 հազար հնդիկ աշխատողներ հայտնվել են սովամահության սպառնալիքի առաջ, հայտնել է Հնդկաստանի արտգործնախարար Սումշա Սվարաջը, փոխանցում է BBC-ն:

Նախարարի խոսքով, բազմաթիվ հնդիկներ վերջին օրերին զրկվել են իրենց աշխատանքից Թագավորությունում, որտեղ տնտեսությունը լուրջ խնդիրներ ունի նավթի գների անկման պատճառով:

Այն ճամբարներում, որտեղ աշխատողներն են ապրում, մի քանի օր է պարենամթերքի պակաս է նկատվում: Ջեդայում հնդկական համայնքը Հնդկաստանի կառավարության օգնությամբ սկսել է կարիքավորներին պարենամթերք բաժանել: Սուշմա Սվարաջը Սաուդյան Արաբիայում 3 միլիոնանոց հնդկական համայնքին կոչ է արել օգնել հայրենակիցներին:

Սաուդյան Արաբիա է մեկնել կառավարության ներկայացուցիչը: Նա համակարգելու է օդային ճանապարհով այն հնդիկների դուրս բերումը, որոնք ի վիճակի չեն ինքնուրույն գնել վերադարձի տոմս: Մինչդեռ Ջեդայում Հնդկաստանի հյուպատոսարանը հայտնել է, որ միայն հնդիկ կամավորների օգնությամբ ավելի քան 15 տոննա պարենամթերք է բաժանվել: