Եվրոպայի խորհուրդը մտահոգված է Թուրքիայի զինված ուժերում, պետկառույցներում, համալսարաններում ու լրատվամիջոցներում սկսված զտումների ծավալներով: Այս մասին նորվեգական Verdens Gang թերթում հրապարակված հոդվածում ասել է ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը, որը օգոստոսի 3-ին պաշտոնական այցով Անկարա է այցելելու, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Անկասկած, մենք մտահոգված ենք նրանով, որ զտումները կարող են չափից հեռու հասնել, սակայն չենք կարող ոչինչ ասել, քանի դեռ մեր ձեռքին փաստեր չկան: Փաստերի վրա հիմնվելու անհրաժեշտությունը իրավունքի գերակայության կարեւոր ասպեկտն է»,- հայտնել է պարբերականին Յագլանդը: Նրա խոսքով, Թուրքիայում կատարված ռազմական հեղաշրջման փորձի ու իշխանությունների արձագանքի մասին փաստերի հավաքումը իր այցի հիմնական նպատակներից մեկն է: ԵԽ գլխավոր քարտուղարը ծրագրում է հանդիպումներ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, կառավարության անդամների, նաեւ ընդդիմության ներկայացուցիչների հետ:
Յագլանդը հայտնել է, որ աջակցում է Թուրքիայի քաղաքական կառույցներին ու մտահոգություն հայտնել, որ երկրի ԶՈւ շարքերում դավադիրներին հաջողվել է այդքան հեռու հասնել: Ընդ որում նա նաեւ շեշտել է, որ ստեղծված իրավիճակի հետեւանքները պետք է վերացնել ՝ առաջնորդվելով իրավունքի սկզբունքներով ու դուրս չգալով որոշակի շրջանակներից: «Թուրքիան կարո՛ղ է արտակարգ դրություն հայտարարել: Բայցեւայնպես նա չի կարող արհամարհել մարդու իրավունքների պաշտպանության մասին Եվրոպական հհռչակագրի հիմնական հոդվածները»,- ասել է Յագլանդը Verdens Gang–ի աշխատակիցներին:
Լրագրողների հետ զրույցում նա պարզաբանել է ,որ արտակարգ դրության դեպքում պետությունը իրավունք ունի անտեսել հռչակագրի որոշակի դրույթներ , սակայն դա չի վերաբերում օրինակ 6-րդ կամ 7-րդ հոդվածներին՝ արդարացի դատավարության ու բացառապես օրենքի հիման վրա կայացված դատավճռի իրավունքի մասին:




























