Ղարաբաղյան հակամարտության շուրջ իրավիճակի եւ այլ խնդիրների շուրջ NEWS.am-ի հարցազրույցը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստայի հետ:
Հայաստան կատարած այցի ընթացքում Դուք եղաք Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում եւ հարգանքի տուրք մատուցեցիք 20-րդ դարի առաջին ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Ձեր կարծիքով, Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը հավանակա՞ն է:
Ես շատ հուզված էի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան այցի ժամանակ, ծաղիկներ խոնարհեցի անմար կրակի մոտ: Ֆրեզնոյում իմ համալսարանը միակն է ԱՄՆ-ում, որտեղ 20-րդ դարի առաջին ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված տպավորիչ հուշարձան կա: Մենք կշարունակենք ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի նախագիծ ներկայացնել, եւ ես հավատում եմ, որ ինչ-որ ժամանակ հաջողություն կարձանագրենք:
Այդ գործընթացի վրա ինչպե՞ս կազդեն Վաշինգտոնի վրա Թուրքիայի կառավարության գործադրած ճնշումները:
Այո՛, Թուրքիայի կառավարությունը 25 տարի շարունակ ճնշումներ է գործադրում ԱՄՆ-ի վրա: Մենք նախագահներ ենք ունեցել՝ ինչպես Հանրապետական, այնպես էլ Դեմոկրատական կուսակցությունից, որոնք նախագահական ընտրարշավի ժամանակ խոստացել են ընտրվելու դեպքում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, բայց հետո քաղաքականությունը միջամտել է, եւ դա տեղի չի ունեցել: Բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է շարունակենք ջանքերն այդ ուղղությամբ:
Վստահ եմ՝ տեսել եք ադրբեջանցի զինվորների կողմից խեղված հայ զինծառայողների մարմինները: Նրանք նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խաղաղ բնակիչների են սպանել, կտրել նրանց ականջները, ադրբեջանական կողմից կրակոցի արդյունքեւմ դպրոց գնալու ճանապարհին 12-ամյա երեխա է զոհվել: Ո՞րն է Ձեր ուղերձը՝ ապագայում նման՝ փաստացի ահաբեկչական գործողությունների կրկնությունը բացառելու նպատակով:
Ես միացել եմ իմ բազմաթիվ գործընկերներին, որոնք ապրիլի սկզբին ընդդիմացան Ադրբեջանի կառավարության քայլերին: Քաղաքացիական բնակչությանը հասցված հարվածներն անպատասխանատու եւ զայրացուցիչ են: Կարծում եմ՝ Լեռնային Ղարաբաղի կամ, ինչպես մենք ենք ասում, Արցախի հարցը պետք է խաղաղ ճանապարհով լուծվի: Եվ ես ԱՄՆ կառավարությանը կոչ եմ անում շարունակել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ներդրվող ջանքերը: Գիտեմ, որ օգոստոսին տեղի է ունենալու Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը Ռուսաստանի եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի եւ Ժան-Մարկ Էյրոյի եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ:
Ինձ ասացին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բաքվում Ադրբեջանի նախագահին կներկայացնի համաձայնեցված սկզբունքները, եւ ես հույս ունեմ, որ նրան կհաջողվի Ալիեւին համոզել՝ հրապարակավ սատարել այդ սկզբունքները, որպեսզի կարողանանք հասնել խաղաղ կարգավորման: Իմ կարծիքով՝ անչափ կարեւոր է պահպանել Արցախի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը
Գիտեմ, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին շատ է ցանկանում այդ հարցը կարգավորել մինչ պաշտոնից հեռանալը: Նա շատ ժամանակ է հատկացնում ղարաբաղյան հարցի կարգավորման բանակցային գործընթացի մանրամասների մշակման համար: Պետքարտուղարը հրաշալի հասկանում է եւ անհանգստացած է, որ ապրիլին տեղի ունեցածը կարող է նորից բռնկվել՝ սահմանին առկա լարվածության պատճառով: Ինչպես գիտեք, Միացյալ Նահանգներում նոյեմբերին ընտրություններ են նախանշված: Ես հավատում եմ, որ պետքարտուղար Ջոն Քերրին կանի իրենից կախված ամեն ինչ, որպեսզի մինչ այդ Ղարաբաղի հարցով համաձայնության հասնի:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում եղե՞լ եք:
Հուսով եմ, որ ապագայում կկարողանամ դա անել: Իմ հաջորդ այցելությունը կարող է կայանալ արդեն հաջորդ տարի:
Թուրքիայում ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո այդ երկրում հաճախակի են դարձել մարդու իրավունքների ոտնահարման դեպքերը, ազատ խոսքի նկատմամբ ճնշումները, հազարավոր մարդիկ են ձերբակալվել...
Որպես ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ՝ ես, ինչպես նաեւ իմ գործընկերները, անհանգստացած ենք Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ վերջին տարիներին վարած քաղաքականության առիթով: Նա ավելի պակաս ժողովրդավար է դարձել, երկիրն ավելի պակաս աշխարհիկ է, ավելի իսլամական: Այս ամենի հետեւանքն ազատ մամուլի նկատմամբ ճնշումներն են: Ես Ստամբուլում բազմաթիվ լրագրողների գիտեմ, որոնք ինձ պատմել են իրենց հանդեպ սահմանափակումների մասին, երբ չեն հետեւում Էրդողանի կաառավարության գծին: Եվ սա անհանգստացնող գործոն է:
Թուրքիան դեռեւս ՆԱՏՕ-ից դաշնակից է: Հեղաշրջման ձախողված փորձի հետ կապված իմ մտահոգությունը հետեւյալն է. դա կհանգեցնի նրան, որ Էրդողանն արագորեն գործողությունների կդիմի, որոնք Թուրքիան ավելի պակաս ժողովրդավարական ուղիով կտանեն: Էրդողանը պետք է հասկանա, որ արեւմուտքը չի սատարում այն գիծը, որով նա տանում է Թուրքիան:
Պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարեց, որ ժողովրդավարական սկզբունքները խախտող Թուրքիայի գործողությունները կարող են հանգեցնել ՆԱՏՕ-ին անդամակցության կորստին: Ձեր կանխատեսումը...
Ես այդ հարցի շուրջ չեմ խոսել պետքարտուղարի հետ, բայց կարծում եմ, որ բազմաթիվ ամերիկացիներ եւ բազմաթիվ կոնգրեսականներ հարցադրում են անում, թե ո՞րն է ՆԱՏՕ-ում Թուրքիայի ներդրումը եւ ինչո՞ւմ է կայանում մարդու իրավունքների պաշտպանությանը, մամուլի, կրոնի ազատությանը եւ արեւմտյան երկրներին հատուկ արժեքներին Անկարայի հավատարմությունը: Եվ մենք տեսնում ենք, որ Էրդողանը շարունակում է շարժվել հակառակ ուղղությամբ:





























