Բիշքեկն Անկարային կոչ է անում կարգավորել իր երկրի գործերը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը, փոխանցում է Knews-ը:

Մեկնաբանելով Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունն այն մասին, որ գյուլենականները կարող են հեղաշրջում կատարել Ղրղզստանում, Աթամբաեւը հայտարարել է նման ենթադրությունների անհեթեթության մասին: «Ախր դուք գիտեք, որ դա անհեթեթ է. այդ արտգործնախախարը իր երկրում թող գլուխ հանի: Եթե նրանք այդքան խելացի են, ապա ինչպես եղավ, որ իրենց երկրում քնով անցան: Բոլոր այդ ղրղըզա-թուրքական դպրոցները Ղրղզստանի տարածքում գործում են Կրթության նախարարության ստանդարտներով: Հարկավոր չէ մեզ վախեցնել ու սովորեցնել, մենք արդեն ոչ մի բանից չենք վախենում»,- ասել է Աթամբաեւը:

Նա նշել է, որ Ղրղզստանն ինքնիշխան պետություն է, որն ինքնուրույն պետք է որոշի՝ ինչ է հարկավոր անել, եւ ինչ՝ ոչ: «Եթե որեւէ մեկը մեզ օգնում է, ապա պետք է առանց որեւէ պայմանի օգնի, այլ ոչ թե խոսի այն մասին, որ մենք ձեր փոխարեն ինչ-որ անդամավճարներ ենք մուծում: Մենք երախտապարտ ենք այն երկրներին, որոնք մեզ օգնել են… Հավատացեք, հարկավոր չէ մեզ ինչ-որ բան թելադրել, մենք փոքր երկիր ենք, մենք աշխարհի ամենահին ժողովուրդներից մեկն ենք: Այնպիսի հնագույն ժողովուրդներ, ինչպիսին ղըղըզներն են, ընդամենը մի քանիսն են՝ նրանք են հրեաները, չինացիները»,- ասել է Աթամբաեւը: