Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանն ուղղված հարվածները լիովին անպատասխանատու են եւ վրդովեցուցիչ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստան:
Կոնգրեսականը միացել է իր գործընկերներից շատերին, որոնք ընդդիմացել են ապրիլի սկզբին Ադրբեջանի կառավարության քայլերին: «Ես կարծում եմ, որ Լեռնային Ղարաբաղի կամ ինչպես մենք ասում ենք՝ Արցախի հարցը պետք է խաղաղ ճանապարհով լուծվի: Եվ ես ԱՄՆ կառավարությանը կոչ եմ անում շարունակել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ներդրվող ջանքերը: Գիտեմ, որ օգոստոսին տեղի է ունենալու Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը Ռուսաստանի եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի եւ Ժան-Մարկ Էյրոյի եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բաքվում Ադրբեջանի նախագահին կներկայացնի համաձայնեցված սկզբունքները: «Ես հույս ունեմ, որ նրան կհաջողվի Ալիեւին համոզել հրապարակավ աջակցել այդ սկզբունքներին, որպեսզի կարողանանք հասնել խաղաղ կարգավորման: Իմ կարծիքով՝ անչափ կարեւոր է պահպանել Արցախի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը»,- ընդգծել է կոնգրեսականը:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, նրա համոզմամբ, շատ է ցանկանում այդ հարցը կարգավորել մինչեւ պաշտոնից հեռանալը: «Նա շատ ժամանակ է հատկացնում ղարաբաղյան հարցի կարգավորման բանակցային գործընթացի մանրամասների մշակմանը: Պետքարտուղարը հրաշալի հասկանում է եւ անհանգստացած է, որ ապրիլին տեղի ունեցածը կարող է նորից բռնկվել սահմանին առկա լարվածության պատճառով: Ինչպես գիտեք, Միացյալ Նահանգներում նոյեմբերին տեղի կունենան ընտրություններ: Ես հավատում եմ, որ պետքարտուղար Ջոն Քերին կանի իրենից կախված ամեն ինչ, որ մինչ այդ հասնի Ղարաբաղի հարցով համաձայնության»,- հավելել է Ջիմ Կոստան:
Այն հարցին, թե եղե՞լ է արդյոք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կոնգրեսականը պատասխանել է. «Հուսով եմ, որ ապագայում կկարողանամ դա անել: Իմ հաջորդ այցելությունը կարող է կայանալ արդեն մյուս տարի»:




























