ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ Հուսեյնը լուրջ մտահոգություն է հայտնել Իրաքում նոր հանձնաժողովի ստեղծման կապակցությամբ, որը կոչված է արագացնել մահապատիժների իրականացումը: Նոր հանձնաժողովի մասին հայտնել է երկրի վարչապետ Հաայդեր ալ Աբադին: Խորհրդի անդամները պետք է բացահայտեն մահապատիժների իրականացման ուշացումները, որոնք պայմանավորված են դատավարական ու իրավաբանական հարցերով:

«Իրաքում կանայք, երեխաներն ու տղամարդիկ ապրում են պայթյունների, սպանությունների ու այլ հանցագործությունների մշտական սպառնալիքի տակ, մանավանդ ԻՊ կողմից: Եվ դա իհարկե նրանց մեջ բորբոքում է վրեժխնդրության ծարավը, - ասել է Զեյդ Ռաադ ալ Հուսեյնը,- Բայց վրեժխնդրությունը ու արդարությունը նույն բաները չեն: Կարեւոր է պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր կատարում են նման հանցագործություններ ՝ փաստերի, ապացույցների հիման վրա ու օրենքին համապատասխան: Հաշվի առնելով Իրաքում արդարադատության համակարգի թուլությունը ու երկրում ստեղծված իրավիճակը, ես ծայրաստիճան մտահոգված եմ նրանով, որ մահապատժի կարող են ենթարկվել անմեղ մարդիկ: Դա օրենքի հրեշավոր ու անդառնալի խախտում է»:

ՄԱԿ-ի Գերագույն հանձնակատարի վարչության ու ՄԱԿ-ի՝ Իրաքին աջակցության ցուցաբերման առաքելության տվյալներով երկրում մշտապես խախտվում են արդար դատավարության չափորոշիչները: Բանտարկյալներից խոստովանություն կորզելու համար նրանց դեմ հաճախ կտտանքներ են կիրառվում: ՄԱԿ-ի իրավապաշտպանները նաեւ նշում են, որ Իրաքի դատական համակարգում բավարար թափանցիկություն չկա: Մասնավորաապես չեն հրապարակվում մահապատիժներին վերաբերող տեղեկությունները:

Հուլիսի 6-ին Իրաքի արդարադատության նախարարությունը հայտարարեց այն մասին, որ այս տարեսկզբից մինչեւ հիմա երկրում 45 մարդու են մահապատժի ենթարկել ու որ օրենսդրությունում փոփոխություններ կարվեն՝ մահապատիժների իրականացումը արագացնելու նպատակով: