Վենեսուելայի ազգային ընտրական խորհուրդը պաշտոնապես ճանաչել է նախագահ Նիկոլաս Մադուրոյի իմփիչմենթի վերաբերյալ ընդդիմության սկսած արշավի առաջին փուլը, հայտնում է BBC–ն:

Մադուրոյի հակառակորդներին հաջողվել է երկրի բոլոր 24 նահանգներում հավաքել ընտրողների 1 տոկոսի ստորագրությունները: Հիմա նրանք պետք է ստանան Վենեսուելայի ընտրողների 20 տոկոսի աջակցությունը ու հավաքեն 4 մլն ստորագրություն:

Նիկոլաս Մադուրոն ընտրվել է 2013-ին վեց տարի ժամկետով:

Վենեսուելայում ծանր տնտեսական ճգնաժամի պատճառով, որն առաջացել էր նավթի գների անկման ֆոնին, նկատվում է լայն սպառման ապրանքների դեֆիցիտ: Շատ խանութների վաճառասեղանները դատարկ են, մարդիկ մի ամբողջ օր հերթ են կանգնում անհրաժեշտ ապրանքներ գնելու համար: Կառավարության քննադատները նախագահ Մադուրոյին մեղադրում ենն տնտեսությունը կառավարելու անկարողության մեջ: Մադուրոն էլ իր հերթին խոշոր գործարարներին ու ԱՄՆ իշխանություններին է մեղադրում պարենամթերքի մատակարարումների խափանումների մեջ: