Ռումինիայի Տուլչա քաղաքում Էթնիկ ֆիլմերի փառատոնի շրջանակներում հուլիսի 30-ին Ռումինիայի Հայոց միության կազմակերպմամբ եւ աջակցությամբ տեղի են ունեցել հայկական մշակութային միջոցառումներ:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառումների բացման խոսքով հանդես է եկել Տուլչայի նահանգային խորհրդի խորհրդական, Ռումինիայի Հայոց միության Տուլչայի մասնաճյուղի նախագահ Էդուարդ Լուչիան Սիմիոնը:

Միջոցառումների շրջանակներում տեղի ունեցան Ռումինիայում ՀՀ դեսպանորդ Աշոտ Գրիգորյանի հանդիպումները Տուլչայի նահանգային իշխանությունների ներկայացուցիչների հետ:

Էթնիկ ֆիլմերի փառատոնի ընթացքում  ցուցադրվեց կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմը, իսկ համերգային ծրագրում ելույթ ունեցավ Գերլա (նախկին Արմենուպոլիս) քաղաքի «Հայաքաղաք» պարի անսամբլը: Նույն օրը Տուլչայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Կոնստանցայի հոգեւոր հովիվ Տեր Օշական քահանա Խաչատրյանի կողմի մատուցվեց պատարագ:

Նշենք, որ  Տուլչան համանուն նահանգի վարչական կենտրոնն է, որը գտնվում է Ռումինիայի սեւծովյան Դոբրոջա շրջանում: Տուլչա նահանգն ակտիվորեն համագործակցում է ՀՀ Տավուշի մարզի հետ: