Չինաստանի Գերագույն դատարանը Հարավչինական ծովի հարցով Հաագայի միջազգային արբիտրաժային դատարանի որոշման ֆոնին իրավաբանական փաստաթուղթ է հրապարակել, որը պարզաբանում է Չինաստանի ինքնիշխանության իրականացումն իրեն ենթակա ջրերում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Փաստաթղթում, որը դատարանի հայտարարությամբ, հիմնված է Չինաստանի ներքին օրենքների եւ ՄԱԿ Ծովային իրավունքի կոնվենցիայի վրա, նշված է, որ Չինաստանին ենթակա ծովերի թվում են ոչ միայն տարածքային ջրերը եւ ներքին ծովերը, այլեւ դրանց մերձակա գոտիները, տնտեսական բացառիկ գոտին եւ մայրցամաքային խութերը:
Հաագայի արբիտրաժային դատարանի Մշտական պալատը որոշել է, որ Չինաստանը Հարավչինական ծովի հանդեպ տարածքային հավակնությունների ոչ մի հիմք չունի: Բացի այդ, դատարանը նաեւ որոշել է, որ Սպարտլի արշիպելագի վիճելի տարածքները կղզիներ չեն համարվում եւ չեն ձեւավորում տնտեսական բացառիկ գոտիներ: Չինաստանն արդեն պատասխանել է, որ Հաագայի արբիտրաժային դատարանի Մշտական պալատի որոշումը չի ճանաչում եւ այն չի ընդունում: