Մարդկային գործոնը համարվում է Ռոստովում մարտի կեսին Boeing FlyDubai-ի աղետի առաջնահերթ վարկածը,«Ինտերֆաքս»-ին հայտնել է հետաքննության ընթացքին ծանոթ աղբյուրը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ նախաքննության ընթացքում հաստատվել է, որ Boeing 737-800-ի հրամանատարը իր գործողությունների մասին հաշվետվություն տալիս եւ իրավիճակը համարժեք գնահատելիս, ինչպես նաեւ ցամաքի համեմատ օդանավի դիրքը գնահատելիս 12 վայրկյան տեւողությամբ մատը պահել է ջոյսիկի վրա, ինչով ստաբիլիզատորը բերել է ծայրահեղ ռեժիմի:
Ըստ որում՝ ձայնի ինքնագրի տվյալներով հրամանատարը չի պատասխանել իր գործողությունների նպատակահարմարության մասին երկրորդ օդաչուի հարցերին: «Երկրորդ օդաչուի բոլոր հարցերին հրամանատարը միայն պատասխանել է՝ ամեն ինչ նորմալ է: Նրա ձայնը հանգիստ էր, ձայնի մեջ նյարդայնություն չի նկատվել»,- ասել է աղբյուրը:
Դրա հետ մեկտեղ դիտարկվում են նաեւ այլ վարկածներ՝ մասնավորապես կապված եղանակային վատ պայմաններում օդանավը վարելու սխալների, օդանավի հրամանատարի հոգնածության, ինչպես նաեւ բարձրության ղեկի անսարքության հետ:
FlyDubai ավիաընկերության Boeing 737-800-ը, որ չվերթ էր կատարում Դուբայից, աղետի է ենթարկվել մարտի 19-ին Ռոստովի օդանավակայանում՝ եղանակային վատ պայմաններում վայրէջքի երկրորդ փորձի ժամանակ:




























