Կանադայի Օնտարիոյի նահանգում ոստիկանները հատուկ գործողությունների արդյունքում սպանել են ահաբեկչության նախապատրաստության մեջ կասկածվող անձին:
Ոստիկանական ստորաբաժանումները շրջապատել էին կասկածյալի տունը այն բանից հետո, երբ տեղեկություններ էին ստացվել, որ նրա կողմից պոտենցիալ ահաբեկչության սպառնալիք կա: Գործողություններին մասնակցել են սակրավորներ, դիպուկահարներ, կինոլոգներ, հայտնում է BBC-ն:
Կանադական հեռուստաընկերությունների փոխանցմամբ՝ սպանվածը 23-ամյա Ահարոն Դրայվերն է, որը համակրում էր ԻՊ ահաբեկչական խմբավորմանը:
Անցյալ տարի նրան ոստիկանությունն արդեն մեկ անգամ ձերբակալել էր ջիհադականներին բացահայտ պաշտպանելու համար:





























