ԱՄՆ ազգային զբոսայգիների ծառայությունը հայտարարել է, որ երկրի պատմական հուշարձաններին նոր վտանգ է սպառնում: Դա մոխրագույն լորձ է, որ տարածվում է Ջեֆերսոնի հուշահամալիրի գմբեթի եւ երկրի մայրաքաղաքի այլ կարեւոր շենքերի վրայով. ոչ թե աղտ կամ բորբոս, այլ կենսաթաղանթ՝ մանրէների կոնգլոմերատ: Gizmodo-ի փոխանցմամբ՝ պաշտոնական անձինք առայժմ չգիտեն, թե որտեղից է այն հայտնվել:
Կենսաթաղանթը կարող է առաջանալ ամենուր, որտեղ մանրէներն իրար են սոսնձվում եւ որեւէ մակերեւույթին: Սովորաբար բջիջները գտնվում են դրանցից արտազատվող արտաբջջային պոլիմերային նյութի՝ լորձի մեջ: Որոշակի փուլում կենսաթաղանթը սկսում է մակերեւույթի նվաճումը:
Առայժմ չի պարզվել, թե մանէներն ինչպես են ազդում հուշարձանի վիճակի վրա. կոնգլոմերատի մեջ են մտնում ամենատարբեր մանրէներ, որոնք մասնակցում են զանազան ռեակցիաների:
Գիտնականները դեռ չեն կողմնորոշվել, թե ինչպես են պայքարելու կենսաթաղանթի դեմ: Այժմ նրանք փորձարկում են 10 տարբեր տեսակի բիոցիդներ, նաեւ քննարկում են ոչ ավանդական մեթոդներ կիրառելու հարցը, օրինակ՝ լազերային ճառագայթման:





























