Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիային կից ստեղծված հատուկ հանձնաժողովը հետազոտություններ է կատարում երկրի քաղաքացիների ազգանունների ձևաչափի որոշման ուղղությամբ,- հաղորդում է Trend News գործակալությունը։ «Հանձնաժողովը կուսումնասիրի գոյություն ունեցած ազգանունների պատմական ձևերը, Ադրբեջանում անվանակոչության ավանդույթները և կառաջարկի ազգային ազգանվան ձևաչափ»,- հայտնել է ադրբեջանական խորհրդարանի մշակույթի հարցերի կոմիտեի նախագահ Նիզամի Ջաֆարովը։
Ըստ նրա, նախատեսվում է, որ հանձնաժողովի հետազոտությունները կավարտվեն մի երկու ամսից, որից հետո տարիքային բոլոր խմբերի անձինք կկարողանան փոխել իրենց ազգանունների վերջավորությունները, իսկ առաջին հերթին դա կվերաբերի նորածինների ազգանուններին։ Օրենքով, երկրի քաղաքացիները իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթերում կարող են օգտագործել ազգանվան նոր ձևն այնքան ժամանակ, քանի դեռ ազգանվան վերջավորությունը չի փոխվել պաշտոնական փաստաթղթերում։
Նշենք, որ 1993 թվականին ընդունված Ադրբեջանի քաղաքացիների ազգանունները պետական լեզվին համապատասխանեցնելու մասին օրենքի համաձայն, երկրի քաղաքացիներն իրենց ազգանունների «-ով», «-եվ» վերջավորությունները կարող են փոխարինել «-լի» («-լի», «-լու», «-լյու», կախված բառարմատից), «-զադե», «-օղլու», «-գիզի» վերջավորություններով կամ էլ լիովին հանել դրանք։
Ադրբեջանում ընթացող սույն գործընթացը լիովին տեղավորվում է այդ երկիրը բնակեցրած թյուրք-թաթարական տարրի կողմից իր ինքնությունը ի վերջո ձեռք բերելու ճշգրտման շրջանակում։ Այդ նույն գործընթացի շրջանակներում էլ Ադրբեջանում պարբերաբար փոխվում է այբուբենը՝ կիրիլիցայից լատիներենի և հակառակը։




























