Հայաստանի նախագահի նստավայրում այսօր` հոկտեմբերի 12-ին տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Սլովենիայի նախագահ Դանիլո Թյիրկի հրաժեշտի արարողությունը:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ մինչ հրաժեշտը, երկու երկրների ղեկավարներն առանձնազրույց են ունեցել` ամփոփելով այցի արդյունքները:
Այնուհետեւ նախագահ Թյիրկը եւ նրա գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, որտեղ հանդիպում են ունեցել Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ, այցելել` Գանձարան եւ Մայր Տաճար:
Ավարտելով պաշտոնական այցը` Սլովենիայի նախագահը եւ նրան ուղեկցող պատվիրակությունը մեկնել են Երեւանից:





























