«Նաբուկո» խողովակաշարի կառուցման սկիզբը նորից հետաձգվում է, գրում է Handelsblatt բիզնես-թերթը՝ հղում անելով «Նաբուկո» կոնսորցիումի անդամներից մեկի՝ RWE կոնցեռնի ներկայացուցչի երեկվա հայտարարությանը, ըստ որի այդ հավակնոտ ծրագրի իրականացման մասին որոշումը կընդունվի հաջորդ տարի։ Այդպիսով՝ շինարարությունը կսկսի 2012 թվականից ոչ շուտ, հետեւաբար՝ գազը խողովակաշարով Եվրոպա կհոսի 2015-ից ոչ շուտ։

Մինչ այժմ, գրում է հոդվածագիրը, կոնսորցիումին չի հաջողվել ամուր պայմանավորվածություններ ձեռք բերել պոտենցիալ մատակարար-երկրների հետ, որոնք են Ադրբեջանը, Իրաքը եւ Թուրքմենաստանը, այնինչ պայմանագրերի կնքումը նախատեսված էր այս տարի։

Բացի այդ, հոդվածում նշվում է, որ «Նաբուկո» ծրագիրն անընդհատ տորպեդահարվում է Ռուսաստանի կողմից, «որը ցանկանում է պահպանել արեւելյան տարածաշրջաններից գազ արտահանող իր գերիշխող դիրքը»։ «Գազպրոմը» նախատեսում է կառուցել «Հարավային հոսք» այլընտրանքային խողովակաշարը։ Բացի այդ՝ Ռուսաստանն ինքն է հետաքրքրված կասպյան գազով, եզրակացնում է թերթը։