Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է էներգետիկայի ոլորտում գործող ֆրանսիական «Շնայդեր էլեկտրիկ» ընկերության Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների գծով նախագահ Յոհան Վանդերպլաետսենի գլխավորած պատվիրակությանը:  

Վարչապետը ողջունել է ֆրանսիական ընկերության՝ Հայաստանում գործունեություն ծավալելու եւ ներդրումային ծրագրեր իրականացնելու նախաձեռնությունը եւ այդ ուղղությամբ գործնական քայլերի իրականացումը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ մեր երկրում առկա են էներգետիկայի ոլորտում գործելու լայն հնարավորություններ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Յոհան Վանդերպլաետսենը նշել է, որ ուսումնասիրել են Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունները՝ ընդգծելով, որ առկա են էլեկտրաէներգիայի արտադրության բարենպաստ պայմաններ: «Շնայդեր էլեկտրիկ»-ի Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների գծով նախագահը շեշտել է, որ նախատեսում են իրենց տեխնոլոգիական արտադրությունը տեղափոխել Հայաստան, կիրառել արտադրական նորագույն տեխնոլոգիաներ եւ բուհերի հետ համագործակցությամբ պատրաստել անհրաժեշտ կադրեր: