Եվրասիական տնտեսական միության եւ Եվրամիության միջեւ ինտեգրացիոն համաձայնության կնքումը հնարավոր կլինի 2020 թվականի կեսին: Այսպիսի տեսակետ են հայտնել Զարգացման եվրասիական բանկի Ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի (ԻՀԿ) եւ Կիրառական համակարգային վերլուծության միջազգային ինստիտուտի (IIASA, Ավստրիա) փորձագետները, որոնք համատեղ ծրագրի շրջանակում հրապարակել են «Եվրամիություն եւ Եվրասիական տնտեսական միություն. Երկարաժամկետ երկխոսություն եւ համաձայնության հեռանկարներ» զեկույց, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Զեկույցի հեղինակները ելնում են ԵՄ եւ ՌԴ միջեւ ապագայում հարաբերությունները կառուցողական հուն վերադարձնելու եւ փոխադարձ պատժամիջոցների չեղարկման հնարավորության ի հայտ գալու ենթադրություններից: Անհրաժեշտ է երկարաժամկետ տեսլական եւ ԵՏՄ հետ հարաբերությունների պլանավորում, նշված է ԶԵԱԲ բանկի մամուլի հաղորդագրության մեջ:
«Դրա համար արդեն այսօր անհրաժեշտ է փորձագիտական մակարդակում որոշել հեռանկարային օրակարգը եւ ստեղծել ապագա բանակցությունների վերլուծական հիմքը: Մենք բանակցային գործընթացի 20 հեռանկարային ուղղություններ ենք առանձնացրել»,- ասել է ԶԵԱԲ Ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի տնօրեն Եվգենի Վինոկուրովը:
Փորձագետները կարծում են, որ ԵՄ եւ ԵՏՄ համագործակցության ենթադրվող համաձայնությունը պետք է համընդգրկուն լինի՝ հաշվի առնելով ընդգրկվող խնդիրների ընդարձակությունը, հարաբերությունների ծավալը եւ կառուցվածքը, նաեւ ինտեգրացիոն երկու միավորումների փոխկապվածության աստիճանը: Զեկույցում համառոտ ներկայացված են ԵՄ-ԵվրԱզԷՍ պոտենցիալ համագործակցության այս ոլորտների քննարկման արդյունքները եւ նախնական առաջարկությունները, որոնք մշակվել են բարձր մակարդակի վեց կլոր սեղանների ընթացքում, որոնց մասնակցել են Եվրահանձնաժողովի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, պետական մարմինների եւ ԵՄ ու ԵՏՄ երկրների առաջատար փորձագետների ներկայացուցիչները:
Մամուլի կենտրոնի հաղորդագրության մեջ նշված է, որ «Լիսաբոնից Վալադիվոստոկ» տնտեսական ընդհանուր տարածքի հայեցակարգի իրականացման հարցում կա պլանավորման երկու հորիզոնական՝ կարճաժամկետ եւ երկարաժամկետ:
Կարճաժամկետ հեռանկարում անհրաժեշտ է ԵՄ եւ ՌԴ միջեւ հարաբերությունների գույքագրում: Սակայն պակաս կարեւոր չէ Եվրասիական տնտեսական միության եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ճանաչումը եվրոպական կողմից՝ երկու միությունների միջեւ պաշտոնական երկխոսություն սկսելու համար:
«Ներկա առճակատման դադարեցման պարտադիր պայմանը քաղաքական բազային խնդիրների լուծումն է: Սակայն այդ ուղղությամբ ջանքերը պետք է ամրապնդվեն ԵՄ եւ ԵՏՄ միջեւ տնտեսական հարաբերությունների զարգացման հայեցակարգային վերլուծությամբ եւ գործնական միջոցների որոնմամբ»,- ընդգծված է հաղորդագրության մեջ:
Զարգացման եվրասիական բանկը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը 2006 թվականի հունվարին հիմնադրվել է Ռուսաստանի եւ Ղազախստանի կողմից: Բանկի հիմնադիր կապիտալը 7 մլրդ դոլար է: Վարկային կազմակերպության անդամ պետություններն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզաստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը:
ԶԵԱԲ. ԵՏՄ եւ ԵՄ միջեւ ինտեգրացիոն համաձայնությունը հնարավոր կլինի 20-ական թվականների կեսին

Հասանելի է
русский



























