Օգոստոսի 24-ին ամբողջ երկրի հայկական համայնքի ներկայացուցիչներն ակտիվ մասնակցություն կունենան Ուկրաինայի անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպվող հանդիսավոր միջոցառումներին, հայտնում է Analitikaua–ն::
Ինչպես նշեց Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Դավիթ Մկրտչյանը՝ օգոստոսի 22-ին կազմակերպության ներկայացուցիչները նաեւ կմասնակցեն «Աշխարհի ուկրաինացիները Ուկրաինային» հանդիսավոր ակադեմիա» մշակութային գեղարվեստական միջոցառմանը, որը կանցնի Ուկրաինայի ազգային օպերայում՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի մասնակցությամբ:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի հայկական սփյուռքը ամենախոշոր ու կազմաակերպված հայկական համայնքներից է:
Ինչպես հայտնի է, հայերը կարեւոր տեղ են զբաղեցնում Ուկրաինայի պատմության մեջ: Հայերը ժամանակակից Ուկրաինայի տարածքում հայտնվել են 11-12 դարերում: Դարեր շարունակ հայերը ուկրաինական հողում զգալի նյութական ու հոգեւոր ժառանգություն են թողել:
Հայկական սփյուռքը ինտեգրվել է ուկրաինական հասարակությանը, միաժամանակ պահպանելով իր մշակութային, ազգային ու կրոնական առանձնահատկությունները: Հիմա Ուկրաինայում բազմահազարանոց հայկական սփյուռք կա, ազգային համայնքներ ու հասարակական-մշակութային կազմակերպություններ կան երկրի բազմաթիվ քաղաքներում: Հայերը կառուցում են եկեղեցիներ, դպրոցներ, զարգացնում ազգային մշակույթը:
Հիշեցնենք նաեւ, որ Ուկրաինայի հայերի միությունը՝ Վիլեն Շատվորյանի ղեկավարությամբ, դարձել է միակ համաուկրաինական կազմակերպությունը, որը միավորում է երկրում գործող բոլոր հայկական կազմակերպությունները:



























