Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կոմերցիայի փոխնախարար Ծյան Քեմինի գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետը գոհունակություն է հայտնել հայ-չինական համագործակցության բարձր մակարդակի եւ այն խորացնելու երկկողմ պատրաստակամության կապակցությամբ, ինչի մասին են վկայում վերջին շրջանում հաճախակիացած բարձրաստիճան պաշտոնական փոխայցերը: Կառավարության ղեկավարը նշել է, որ Հայաստանի համար Չինաստանը բարեկամ երկիր է, կարեւոր գործընկեր, եւ երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունները դինամիկ զարգացման փուլում են. վերջին տարիներին էապես ավելացել է փոխադարձ ապրանքաշրջանառության ծավալը: Այս համատեքստում վարչապետը կարեւորել է Առեւտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-չինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի աշխատանքները, որի հերթական՝ 9-րդ նիստը կայացել է այսօր Երեւանում (Ծյան Քեմինը Հայ-չինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի չինական կողմի համանախագահն է):
Չինաստանի կոմերցիայի փոխնախարարը վարչապետ Աբրահամյանին է փոխանցել ՉԺՀ վարչապետ Լի Կեցյանի ջերմ ողջույնները եւ նշել, որ Հայաստանն ու Չինաստանը ոչ միայն լավ բարեկամներ են, այլեւ հուսալի գործընկերներ, եւ առկա կայուն քաղաքական երկխոսությունը հնարավորություն է տալիս նոր մակարդակի բարձրացնել փոխգործակցությունը: Ծյան Քեմինը նշել է, որ հայ-չինական առեւտրատնտեսական կապերն արդյունավետ զարգանում են, եւ առկա է մեծ ներուժ դրանց սերտացման եւ հետագա խորացման համար: Չինաստանի կոմերցիայի փոխնախարարը Հովիկ Աբրահամյանին է ներկայացրել Հայ-չինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 9-րդ նիստի արդյունքները՝ ասելով, որ քննարկվել եւ նախանշվել են մի շարք ոլորտներում համագործակցությունը խորացնելու նպատակով երկու երկրների բարձրագույն ղեկավարության միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանն ուղղված հետագա քայլերը:
Զրուցակիցները գոհունակություն են հայտնել ճանապարհաշինության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, կրթության եւ այլ ոլորտներում համատեղ ծրագրերի ընթացքից եւ քննարկել վերոնշյալ, ինչպես նաեւ մի շարք այլ՝ հանքարդյունաբերության, էներգետիկայի, սննդարդյունաբերության բնագավառներում, տարածաշրջանային նշանակության տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ գործակցության խորացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել նաեւ Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցության հարցին: Պարոն Քեմինը կարեւորել է Հայաստանի դերը Չինաստան-ԵԱՏՄ հարաբերությունների զարգացման գործում: Ի պատասխան Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը ողջունում է եւ պատրաստ է աջակցել այդ գործընթացին: Վարչապետի խոսքով՝ Չինաստանը կարեւոր գործընկեր է Հայաստանի համար, եւ կառավարությունը ողջունում է չինական խոշորամասշտաբ ներդրումների ներգրավումը մեր երկրի տնտեսության մեջ: Հովիկ Աբրահամյանն իր ջերմ ողջույններն է փոխանցել Չինաստանի վարչապետ Լի Կեցյանին:





























