Հռոմի Ֆրանցիսկոս պապը հավատացյալներին կոչ է արել զղջալ Աստծո արարման նկատմամբ գործած մեղքերի համար եւ գթասրտության ոգով վերաիմաստավորել վերաբերմունքը «մեր ընդհանուր տանը» հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Աստված մեզ ծաղկուն այգի է նվիրել, իսկ մենք այն վերածում ենք ավերակներով, անապատներով եւ գարշելիությամբ լցված տարածության», — ասված է ուղերձում, որը քահանայապետը հղել է սեպտեմբերի 1-ին նշվող Աստծո արարման պաշտպանության վերաբերյալ Աղոթքի համաշխարհային կաթոլիկական օրվա կապակցությամբ:
«Մենք չենք կարող նահանջել կամ անտարբեր լինել կենսաբազմազանության կորստի եւ էկոհամակարգերի ավերման հանդեպ, որոնց պատճառը հաճախ մեր անպատասխանատու եւ եսասիրական պահվածքն է», — ընդգծված է այդ փաստաթղթում:
Ֆրանցիսկոս պապը մտահոգություն է հայտնել այն կապակցությամբ, որ «մոլորակը շարունակում է տաքանալ, մասնակիորեն` մարդկային ակտիվության պատճառով»: Նա հիշեցրել է, որ 2015 թվականն ամենաշոգ տարին էր օդերեւութաբանական դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում, իսկ ընթացիկ տարին, հավանաբար, կգերազանցի նրան: «Դա երաշտներ, ջրհեղեղներ, հրդեհներ եւ այլ` գնալով ավելի սուր օդերեւութաբանական երեւույթներ է առաջացնում», — նշել է նա:
Հռոմի պապը նաեւ նշել է, որ կլիմայի փոփոխությունները նպաստում են «տանջալից միգրացիոն ճգնաժամին», իսկ «աշխարհի աղքատները, որոնք ավելի փոքր պատասխանատվություն են կրում կլիմայական փոփոխությունների համար, առավել խոցելի են»:
Ֆրանցիսկոսն ընդգծել է, որ ժամանակակից հասարակությունում պետք է տիրապետի ոչ թե անմիջական ֆինանսական կամ ընտրական շահի փնտրտուքը, այլ համընդհանուր բարիքի հասնելու ձգտումը, որն իր մեջ ներառում է արարման պաշտպանությունը:
Աստծո արարման պաշտպանության վերաբերյալ Աղոթքի համաշխարհային օրը հիմնադրվել է Ֆրանցիսկոս պապի կողմից` մեկ տարի առաջ, մոլորակի տնտեսական սուր ճգնաժամի հաղթահարման նպատակով: Այսօր այն Հռոմի կաթոլիկ եկեղեցու կողմից նշվում է երկրորդ անգամ:




























