Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հոկտեմբերի 19-ին Երեւանում ներկա է գտնվել Հայաստանի էներգահամակարգում տվյալների հավաքագրման եւ կարգավորական կառավարման SCADA համակարգի գործարկման արարողությանը:
Նախագահի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը Սերժ Սարգսյանին է ներկայացրել է Հայաստանի էներգետիկ ոլորտի համար կարեւոր նշանակություն ունեցող այս համակարգի հնարավորությունները, ներդրված հատուկ ծրագրերը, որոնց միջոցով հնարավոր է օպտիմալացնել արտադրող կայաններում էլեկտրաէներգիայի արտադրությունը, հասնել կորուստների նվազեցման, ճշգրիտ կանխատեսումներ եւ համակարգի կայունության հաշվարկներ կատարել:
Համակարգի ներդրումը հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ իրականացնել էներգահամակարգի կառավարումը` հիմնվելով իրական ժամանակում հավաքագրված տվյալների վրա, ինչպես նաեւ բարձրացնել էներգահամակարգի աշխատանքի հուսալիությունը:
էներգահամակարգում տվյալների հավաքագրման եւ կարգավարական կառավարման համակարգի նախագիծն իրականացվելու է մի քանի փուլով:
Հանրապետության ղեկավարը ծանոթացել է նաեւ հետագա փուլերում նախատեսվող ծրագրերին: Առաջին փուլի իրականացման նպատակով, ՀՀ կառավարության եւ Միջազգային համագործակցության ճապոնական բանկի միջեւ (ներկայում` Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալություն) կնքվել է վարկային համաձայնագիր:
SCADA համակարգի գործարկման արարողությանը մասնակցող Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մասահարու Կոնոն, հիշյալ նախագիծը համարելով հայ-ճապոնական բարեկամության եւ համագործակցության լավագույն օրինակներից մեկը, նշել է, որ իր երկիրը պատրաստակամ է այսուհետ եւս աջակցել Հայաստանի տնտեսության զարգացմանը միտված նախաձեռնություններին:





























