«Պանտերա» պահնորդական ընկերության աշխատակից Վարազդատ Խոցանյանը հաշտվել է իրեն ծեծելու համար 3 տարվա ազատազրկման դատապարտված Հարություն Թանգամյանի հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Թանգամյանի պաշտպան Մանվել Գրիգորյանը:
«Իմ պաշտպանյալն իրեն առաջադրված մեղադրանքն ընդունել է, դատարանին էլ խնդրել է արագացված կարգով քննություն անցկացնել: Տուժող Վարազդատ Խոցանյանն էլ հայտարարել է, որ ինքը որեւէ բողոք չունի եւ խնդրել է արդարացնել, սակայն դատարանը որոշեց 3 տարվա ազատազրկման դատապարտել»,- ասաց փաստաբանը:
Նշենք, որ դատախազը 4 տարվա ազատազրկում էր պահանջել: Թանգամյանի պաշտպանն արդեն վերաքննիչ բողոք է ներկայացրել. նա պահանջում է բեկանել եւ փոփոխել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռը եւ Հարություն Թանգամյանի նկատմամբ ազատազրկման ձեւով նշանակած պատիժը ՀՀ քր. օր-ի 70 հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան:
Ըստ մեղադրական եզրակացության` Հարություն Թանգամյանը 2015թ. օգոստոսի 21-ին դիտավորությամբ Վարազդատ Խոցանյանի առողջությանը պատճառել է նրա կյանքի համար վտանգավոր ծանր վնաս:
Նշենք, որ Հարություն Թանգամյանը «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության բաժնի նախկին պետ, ոստիկանության գնդապետ Վանիկ Թանգամյանի որդին է:
Հիշեցնենք, որ 2015թ. օգոստոսի 20-ի լույս 21-ի գիշերը՝ ժամը 03.30-ի սահմանում, Երեւան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ մաքսային տեսուչ Հ. Թանգամյանը բռունցքներով հարվածելով ծեծի էր ենթարկել «Պանտերա» պահնորդական ընկերության աշխատակից Վ. Խոցանյանին՝ վերջինիս առողջությանը պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս:




























