Նոր հսկիչ անցակետերը թույլ կտան ավելի արագ հատել Վրաստանի հետ սահմանը։ Այս մասին նոյեմբերի 4-ին լրագրողներին ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Խոա-Բին Աջեմյանը Վրաստանի հետ սահմանին «Բագրատաշեն» նոր մաքսային հսկիչ անցակետի բացման ժամանակ։
Բացմանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների, Հայաստանում ԵՄ պատվիրակության անդամների, նաեւ նախագծի գլխավոր դոնոր Եվրոպական ներդրումային բանկի տարածաշրջանային ներկայացուցիչների ուղեկցությամբ։
«Բագրատաշենը» Վրաստանի հետ սահմանին երկու անցակետերից մեկն է (երկրորդը «Գոգավանն» է)։ Երրորդը ՝ «Բավրան» ( որը Հայաստանի հյուսիսը միացնում է Վրաստանի՝ գերազանցաբար հայերով բնակեցված Սամցխե-Ջավախեթիա ռեգիոնի հետ), պետք է բացվի մինչեւ տարեվերջ։
Այդ բոլոր երեք նոր անցակետերը կառուցվում են հների կողքին ու զգալիորեն գերազանցում են դրանց իրենց սարքավորվածությամբ ՝ անձնագրային հսկողության ու անձնական զննման, կենդանական ու բուսական ծագման մթերքների սանիտարական հսկողության, նաեւ մաքսային ձեւակերպման ու անվտանգության համար։
«ԵՄ-ն ներդրել է 52․13 մլն եվրո արժողության նախագծի 98 տոկոսը, բայց մտադիր է մեկ քայլ էլ առաջ անել»,- շեշտել է Աջեմյանը։
Մասնավորապես, Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկն արդեն Հայաստանին է տրամադրել 10․3 մլն եվրո ՝ Բագրատաշենից դեպի վրացական Սադախլո նոր կամրջի շինարարության համար։ Սահմանամերձ Դեբեդ գետի վրայով անցնող կամուրջը կոչվելու է Բարեկամության կամուրջ։ Դրա շինարարությունը ծրագրվում է սկսել 2017-ի առաջին եռամսյակին, իսկ ավարտել՝ 2018-ի ամռանը կամ աշնանը։
Եվրոպական կազմակերպություններն աջակցում են ռազմավարական նշանակության ճանապարհների շինարարությանն ու վերանորոգմանը թե Հայաստանում («Հյուսիս- Հարավ» Մ1 ու Մ-6 միջպետական մայրուղիներ), թե Վրաստանում («Արեւելք-Արեւմուտք» մայրուղի)։
«Նոր մաքսային կետի աշխատանքը ավելի արդյունավետ կդառնա Հայաստանի հետ մեր մեկ այլ նախծագծի շնորհիվ՝ 20 մլն եվրո արժողության։ Դրա նպատակն է ապահովել Կառավարության բոլոր տվյալների բազաների համատեղելիությունը։ Դա կօգնի մաքսատանը մեկ պատուհանի սկզբունքով իրականացնել բոլոր պետական ծառայությունները»,- ամփոփել է Խոա Բին Աջեմյանը։




























