Հայկական կողմը պետք է նախահարձակ լինի եւ ոչ թե կանխատեսումներ անի՝ երբ է ադրբեջանական կողմը հարձակում գործելու: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Ողջ մնալու արվեստ» հ/կ ղեկավար, Հետախուզադիվերսիոն առաջին ջոկատի հիմնադիր հրամանատար Վովա Վարդանովը:

«Անընդհատ թողնել իրենց, որ որոշեն՝ երբ է լինելու, լինելու է Թալիշի կողմե՞րը, թե՞ Հորադիզի, մի օր էլ կխփեն նաեւ Վանաձորինին կամ Երեւանին: Սա մեծ բացթողում է թե մեր ռազմաքաղաքական մտքի, թե քաղաքականության»,-ասել է նա:

Վարդանովի խոսքով, եթե նախահարձակ չես լինում, չես էլ պարապում, պատրաստ չես. «Երբ դու ես հարձակվում, հաղթելու շանսերն ավելի մեծ են: Գոնե մեկ-մեկ էլ մենք պետք է բզբզանք, որ հակառակորդն էլ լարվածության մեջ լինի: Վերջապես մենք ուզո՞ւմ ենք Բաքու մտնենք, ես, օրինակ, ուզում եմ, ով չի ուզում, նրա քոքը կտրվի, որովհետեւ պատերազմը չի վերջանա, մինչեւ մի մայրաքաղաք չհանձնվի: Նա, ով չի ուզում Բաքու մտնի, իր ենթագիտակցության մեջ ուզում է Երեւանի կործանումը: Դիվանագիտությունն ընդամենը կարող է երկարաձգելու այս պատերազմը: Բա, որ մի օր էլ թշնամին գուտուց ներքեւ խփի, թեեւ մենք կարողացանք, ապրիլյան պատերազմում մի լավ հարված տվեցինք իրենց»:

Վովա Վարդանովը կարծիք հայտնեց, որ ցավոք, մի քանի տարի առաջ ֆուտբոլային դիվանագիտության մեջ հռչակված թեզը, որ «մենք արդեն մեր գործն արել ենք, գնդակն արդեն հակառակորդի դաշտում է, թող ինքը մտածի», դարձել է դոկտրին մեր բոլոր գործիչների համար:

Նրա համոզմամբ, մեր ռազմական պատրաստվածությունը տեղ-տեղ լավ է, տեղ-տեղ էլ շատ լավ, հատկապես սահմանամերձ գոտում. «Սակայն, եթե զինվորին սովորեցնում ենք միայն պաշտպանվել, դա միայն վատ հետեւանքների կարող է բերել: Եկեք մենք դրակոն լինենք, մինչդեռ մենք սպիտակ ասպետ ենք, որ վահանով միայն պաշտպանվում է, մինչդեռ հայրենիքը պաշտպանելու համար անգամ ստոր քայլերի պետք է դիմես»: