Հայտնի են դարձել Ադրբեջանի Աղջաբեդի քաղաքում սննդային թունավորումից 6-ամյա երեխայի մահվան որոշ մանրամասներ։ Հարազատների խոսքով՝ բժիշկներն ամբողջ օրը հիվանդ երեխային մի հիվանդանոցից մյուսն են ուղարկել։
ԱՊԱ–ի փոխանցմամբ՝ 2010թ. ծնված Էլթոն Շիրինովը երեք օր առաջ մոր հետ այցելել էր բանտում գտնվող հորը։
Մայրը իր հետ տնային պայմաններում մարինացված լոլիկ էր տարել, եւ ընտանիքը միասին ճաշել էր։
Տղայի հորեղբայր Ալլահվերդի Շիրինովը հայտնել է, որ դրանից հետո երեխայի մոտ առողջական խնդիրներ են հայտնվել. «Մենք անհապաղ դիմել էինք բժշկի, նրանք կաթիլային միացրեցին։ Երեկոյան Էլթոնի վիճակը վատացավ, եւ մենք նրան Աղջաբեդիի շրջանային հիվանդանոց տարանք։ Բժիշկներից մեկն ասաց, որ երեխան սննդային թունավորում է ստացել, եւ նրան պետք է տեղափոխել Բարդայի կենտրոնական հիվանդանոց։ Բարդայում ասացին, որ մենք ուշացել ենք, եւ իրենք չեն կարող երեխային ընդունել։ Մեզ ուղարկեցին Մինգաչաուրի հիվանդանոց։ Մենք մեկնեցինք այնտեղ, սակայն երեխան մահացավ Եվլախի ճանապարհին»։
Հարուցվել է քրեական գործ։




























