ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կբանակցի ուժի դիրքերից ու ՆԱՏՕ-ի զորքերը չի հեռացնի ՌԴ հետ սահմանից։ Այս մասին հայտնել է Թրամփի օգնական Ռուդոլֆ Ջուլիանին ամերիկյան CNN ընկերությանը տված հարցազրույցում։ Ընդ որում Ջուլիանին հաստատել է, որ Թրամփը իրոք մտադիր է համագործակցել Ռուսաստանի հետ այն ուղղություններով, որտեղ «մենք կարող էին համագործակցել» ու անելու է դա այնպես, ինչպես չէր հաջողվում Հիլարի Քլինթոնին, Ջոն Քերրիին ու Բարաք Օբամային։

«Նա գործելու է այլ դիրքերից։ Դուք մոռանում եք նրա նախընտրական խոստումի մասին՝ լրջորեն ավելացնել բանակի թվաքանակը ու չեղարկել սեկվեստրը։ Զինված ուժերի թվաքանակը 420 հազարից 550 հազար կդառնա, ռազմանավերը ՝ 350, մարտական օդանավերը ՝ 1200 միավոր, իսկ ծովային հետեւակայինների թվաքանակը ՝ 27-ից 36 գումարտակ։ Թրամփը Պուտինի հետ բանակցելու է մի երկրի անունից, որը չի կրճատում իր զինված ուժերը, այլ ավելացնում է ՝ հասցնելով Ռեյգանի օրոք բանակի մակարդակին»,- ասել է Ջուլիանին։

Դոնալդ Թրամփը «կանի այդ ամենը, որպեսզի հնարավորություն ունենա Մոսկվայի հետ բանակցել ուժի դիրքերից, այլ ոչ թե մի իրավիճակում, երբ ԱՄՆ-ն նվազեցնում է զինված ուժերի թվաքանակը»,- պարզաբանել է նորընտիր նախագահի խորհրդականը՝ ակնարկելով Օբամայի օրոք բանակի ֆինանսավորման կրճատումը։

Ջուլիանին նաեւ չի հաստատել, որ Թրամփը որոշել է ՆԱՏՕ-ի զորքերը հեռացնել Ռուսաստանի հետ սահմանից։ Նա նշել է որ «նման որոշում չկա»՝ հավելելով, որ Թրամփի բառերը այլ նշանակություն ունեին՝ նա ուզում էր ասել, որ դաշինքի երկրները,վախենալով ՌԴ կողմից ագրեսիայից, պետք է ավելացնեն պաշտպանական ծախսերը՝ հասցնելով ՀՆԱ 2 տոկոսի մակարդակի։ «Ես կարծում եմ՝ նախագահ Թրամփը կուժեղացնի ՆԱՏՕ-ի հնարավորությունները», ամփոփել է Ջուլիանին։