Էկվադորից Հայաստան բանան, կակաո, ծովամթերք եւ ծաղիկ կներկրվի: Այս մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել «Հայ-Էկվադորական Բարեկամություն» հասարակական կազմակերպության եւ Էկվադորի արտաքին առեւտրի նախարարության ու ProEcuador կազմակերպության միջեւ ընթացող ակտիվ բանակցությունների ժամանակ: Բանակցությունները մոտեցել են իրենց ավարտին. ըստ այդմ՝ կողմերը նախատեսում են Հայաստանի միջոցով էկվադորական ապրանքը հասցնել ԵՏՄ:
«Հայ-Էկվադորական Բարեկամություն» ՀԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ արդեն երկու տարի տեւող բանակցություններին մասնակցել է Էկվադորի արտաքին առեւտրի նախարար Խուան Կառլոս Կասինիելյին, ով բազմիցս նշել է, որ էկվադորական կողմի համար կարեւոր է Հայաստանի դիրքը. բոլոր պոտենցիալ շուկաները մոտ են եւ արտոնյալ պայմաններով:
![]() |
Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով |
Բանակցությունների ընթացքում հաշվարկվել են այն հեռանկարները, որ կարող են բացվել Էկվադորի եւ Հայաստանի առեւտրատնտեսական համագործակցության հետեւանքով: Մասնավորապես, հաշվարկվել է, որ անմիջապես Էկվադորից, առանց միջնորդի գնվելիք ապրանքը մրցունակ գին կունենա ԵՏՄ-ում, ինչը հնարավորություն կընձեռի՝ շրջանառության ծավալն արագ աճի:
Հայաստանի տնտեսության համար այս համագործակցությունը ուղղակի արդյունք պետք է ունենա. գնման եւ արտահանման հետեւանքով առաջացած բոլոր հարկային պարտավորությունները մարվելու են Հայաստանում:
Քննարկվում է ներմուծումը սկսել էկվադորական չորս հիմնական ապրանքներով՝ բանան, կակաո, ծովամթերք եւ ծաղիկ: Հարկ է նշել, որ մեր տարածաշրջանի բոլոր երկրները եւ հատկապես Թուրքիան ձգտել են նման արտոնյալ վիճակում հայտնվել, բայց չեն կարողացել:
Ըստ ձեռքբերված պայմանավորվածության՝ 2017 թվականին Երեւանում կանցկացվի ԵՏՄ պետությունների համար նախատեսված ցուցահանդես-էքսպոն,որտեղ կներկայացվեն Էկվադորի հիմնական ապրանքատեսակները:




























