Նախկին զինծառայող Դավիթ Հակոբյանը խախտել է օրենքը՝ փորձելով հեռախոսային ահաբեկչություն իրականացնել։ Այս մասին նոյեմբերի 16-ին ԱԺ–ում ասել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ պատասխանելով «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցին։
Պատգամավորը հիշեցրել է հաշմանդամություն ստացած նախկին զինծառայող 27-ամյա Դավիթ Հակոբյանի գործի մասին։ Արտասահմանում բուժվելու համար օգնության ստանալու հարցում նրան մերժել էին, եւ նա հուսահատ վիճակում զանգել էր նախագահի աշխատակազմի ընդունարան ու հայտնել ռումբի մասին։ «Նրան բանտ էին նստեցրել 1.5 տարով եւ անգամ ուզում էին պայմանական պատիժ կիրառել»,– ասել է պատգամավորը։
Դրան ի պատասխան՝ Վիգեն Սարգսյանն ասել է, որ Հակոբյանը քրեորեն հետապնդելի արարք է կատարել։ «Դա հեռախոսային ահաբեկչության փորձ էր։ Իսկ նշանակում է, որ նա պետք է պատիժ կրի»,– հավելեց Սարգսյանը։




























