Կարելի է նաեւ քննարկել զինվորականների համար ապահովագրական վճարների կամավոր տարբերակը։ Այս մասին նոյեմբերի 18-ին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասել է Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։ 1 հազար դրամի չափով ապահովագրական վճարը, որն առաջարկում են պահել Հայաստանի քաղաքացիների աշխատավարձից, կարող է լինել պարտադիր, ինչպես առաջարկված է Կառավարության օրինագծում։ Բայց կարելի է քննարկել նաեւ այն կամավոր հիմունքներով դարձնելու տարբերակը։ «Խորհրդարանում կարելի է տարբեր գաղափարներ քննարկել։ Կարելի է քննարկման վերցնել նաեւ այս տարբերակը»․- ասել է Բաղդասարյանը։
Այդուհանդերձ, բանակին օգնություն ցուցաբերելու կարեւորությունը կասկածի ենթակա չէ։ Դրա համար էլ ՀՀԿ-ն առաջին ընթերցմամբ կողմ է քվեարկել Ապահովագրական վճարների մասին Կառավարության օրինագծին։




























