Պետերբուրգի Սմոլնինսկի շրջանի դատարանը թույլատրել է քաղաքի նախկին փոխնահանգապետ Մարատ Օգանեսյանի կալանքը, որին մեղադրում են «Զենիթ Արենա մարզադաշտի» շինարարության ժամանակ գումարներ հափշտակելու մեջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
ՌԴ ՔԿ տվյալներով, Օգանեսյանին ձերբակալել են Մոսկվայում ՝ 2014-ին ավելի քան 50 մլն ռուբլի հափշտակելու գործով։ Կասկածում են, որ այս գումարները Օգանեսյանը յուրացրել էր «Տրանսստրոյ» գլխավոր կապալառուի ու «ՏԴՄ» բաժնետիրական ընկերության միջեւ «Զենիթ Արենա»-ի համար վիդեոտաբլո կառուցելու համար պայմանագիր կնքելիս։ Օգանեսյանին ՔԿ-ն մեղադրել է նաեւ խաբեության մեջ։ Նրան սպառնում է մինչեւ 10 տարի ազատազրկում։
«Դատարանը եկել է այն եզրակացության, որ ազատազրկումից բացի խափանման որեւէ այլ միջոց Օգանեսյանի նկատմամբ հնարավոր չէ ընտրել»,- ասել է դատավոր Օլեսյա Բուլանայան։
Դատավորը բավարարել է քննիչի միջնորդությունը՝ դատական նիստը փակ անցկացնելու մասին, որպեսզի խուսափեն քննության գաղտնիքների հրապարակումից։ Մոսկվայի ժամանակով ժամը 17։30-ին դատական նիստի սկսվելուց մոտ երեքուկես ժամ հետո դատարանի դահլիճ են մտել բժիշկները։ Որոշ ժամանակ հետո նրանք դուրս են եկել դատարանի դահլիճից ՝ առանց մեղադրյալի։
Սանկտ Պետերբուրգում «Զենիթ» ֆուտբոլային ակումբի համար նոր մարզադաշտ են սկսել կառուցել 2007-ին, բայց 2018-ի ֆուտբոլի առաջնությունն անցկացնելու հայտի կապակցությամբ նախագիծն ուղարկել էին լրամշակման, որպեսզի մարզադաշտը ամբողջովին համապատասխանի ՖԻՖԱ-ի պահանջներին։ «Զենիթ Արենան» աշխարհի ամենաթանկարժեք մարզական համալիրներից մեկն է։ Վերջին տվյալներով, դրա շինարարության ընդհանուր ծախսերը կարող են կազմել մոտ 40 մլրդ ռուբլի, ընդ որում ի սկզբանե նախատեսված էր ծախսել 6․7 մլրդ ռուբլի։




























