Սարի թաղում անչափահասի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է եւ գործն ուղարկվել դատարան:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Նարեկ Պետրոսյանը մարտի 13-ին ժամը 21:00-ի սահմաններում Երևանի Սարի Թաղի 5-րդ փողոցի 67 հասցեում գործող թիվ 47 դպրոցի մոտ վիճաբանության, ապա ծեծկռտուքի ժամանակ իր հետ նախապես վերցված դանակով կյանքից ապօրինի զրկելու դիտավորությամբ հարվածել է անչափահասի սրտին, ինչի հետևանքով կարճ ժամանակ անց վերջինս մահացել է: Բացի այդ իր եղբոր` Դավիթ Պետրոսյանի հետ հիշյալ վիճաբանության ժամանակ նույն դանակով, իսկ Դավիթ Պետրոսյանն իր ծալովի դանակով դիտավորությամբ հարվածներ են հասցրել անչափահաս Ս.Օսիպովին` նրա առողջությանը պատճառել միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով:

Դավիթ Պետրոսյանն էլ ծալովի դանակով դիտավորությամբ հարվածել է անչափահաս Ռ.Կարապետյանի կրծքավանդակին` պատճառելով նրա կյանքին վտանգ սպառնացող առողջության ծանր վնաս:

Նարեկ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից  զրկելը), 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանը որևէ այլ վնաս պատճառելը, որը վտանգավոր չէ կյանքի համար և չի առաջացրել սույն օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված հետևանքներ, բայց առաջացրել է առողջության տևական քայքայում կամ ընդհանուր աշխատունակության մեկ երրորդից պակաս զգալի կայուն կորուստ, որը կատարվել է երկու կամ ավելի անձանց նկատմամբ), իսկ եղբորը՝ 112-րդ հոդվածի 1-ին մասով (Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում՝ զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում) եւ 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: