Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող` «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանի գործով վկաներ, «Սասնա ծռեր» խմբի անդամներ Վարուժան Ավետիսյանը, Սերգեյ Կյուրեղյանը, Գագիկ Եղիազարյանը, Սմբատ Բարսեղյանը, ինչպես նաեւ խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանն ու Հովհաննես Ղազարյանը դատարան չեն տեղափոխվի` ցուցմունք տալու:
Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դեռեւս մեկ ամիս առաջ էր որոշում կայացրել` նրանց հրավիրելու դատարան: Սակայն այսօր պարզ դարձավ, որ վարույթն իրականացնող մարմինը գրություն էր ուղարկել` տեղեկացնելով, որ նրանց շփումը այլ անձանց հետ արգելվում է: Դատավորը որոշեց հրապարակել նրանց նախաքննական ցուցմունքը, մինչդեռ Սաֆարյանի պաշտպանը ժամանակ խնդրեց`դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար: Դատարանը մերժեց միջնորդությունը:
Դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց նոյեմբերի 23-ին:
Գեւորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:
Հիշեցնենք, որ Երեւանի Ազատության հրապարակում 2016թ. հունվարի 1-ին ընդդիմադիր «Նոր Հայաստանի» անդամների եւ ոստիկանների միջեւ բախումներ էին տեղի ունեցել: Պատճառը տոնածառի հագուստով մայրաքաղաքի փողոցներում շրջող ակտիվիստն էր: Երեք անձ բերման էր ենթարկել, այդ թվում՝ Գեւորգ Սաֆարյանը, որին հետագայում էլ կալանավորեցին:
Ըստ իրավապահ մարմինների` Գեւորգ Սաֆարյանը բռնություն է գործադրել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ:




























