Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը քննադատել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին այն բանի համար, որ նա կուբայական հեղափոխության վախճանված առաջնորդ Ֆիդել Կաստոյին բռնապետ է կոչել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Hispan TV-ն:

Ավելի վաղ Թրամփը Ֆիդել Կաստրոյին որպես դաժան բռնապետ էր բնորոշել եւ հույս հայտնել, որ նրա մահից հետո Կուբան «կգնա բարգավաճման եւ ազազտության ճանապարհով»:

«Ֆաշիզմը մեծ ցինիզմով է արձագանքում Ֆիդելի մահվանը»,- արձագանքել է Մորալեսը:

Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն 90 տարեկանում վախճանվել է ուրբաթ: Նրա մարմնի դիակիզման արարողությանը ներկա են գտնվել միայն մտերիմները: Երկուշաբթի եւ երեքշաբթի աճյունափոշիով սափորը ցուցադրվելու է Հավանայում, իսկ նոյեմբերի 29-ի երեկոյան Հեղափոխության հրապարակում հանրահավաք է անցկացվելու:

Կուբայի առաջնորդի հուղարկավորությունը կայանալու է դեկտեմբերի 4-ին, Սանտյագո դե Կուբա քաղաքում: