ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին մինչ պաշտոնից հեռանալն ակտիվորեն աշխատում է Ռուսաստանի հետ համաձայնության հասնել Սիրիայի Հալեպ քաղաքի շրջափակման դադարեցման շուրջ: Այս մասին նշված է The Washington Post-ի սյունակագիր Ջոշ Ռոջինի հոդվածում:
Նրա խոսքով՝ Քերրին առաջնորդվում է ոչ միայն այն գիտակցությամբ, թե Հալեպը հումանիտար ինչպիսի ճգնաժամի մեջ է, այլ նաեւ այն հավանականությամբ, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «Մոսկվայի հետ այլ տեսակի համաձայնագիր կկնքի», որի շրջանակներում ԱՄՆ-ը կդադարի Սիրիայի ընդդիմադիրներին աջակցել, որն ԱՄՆ վարչակազմին կդնի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի հետ նույն կողմում:
Ռոջինը նշում է, որ պետքարտուղարը նոր դիվանագիտական առաքելությամբ զբաղվում է «կուլիսների ետեւում»: Սյունակագրի խոսքով՝ նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմի 4 պաշտոնյաներ իրեն ասել են, որ դա լավագույն դեպքում վտանգավոր փորձ է, բայց դրա հետ մեկտեղ՝ միակը, որը վերջ կդնի Հալեպի տարածքին Ռուսաստանի ավիահարվածներին:
«Մենք շարունակում ենք այն ակտիվորեն առաջ մղել: Մենք այդ ջանքերից չենք հրաժարվում: Մենք կարծում ենք, որ պետք է այդ հնարավորությունն ընձեռել»,- ասել է աղբյուրներից մեկը:
Ռոջինն ընդգծել է, որ ներկայումս քննարկվում է միայն Հալեպի շուրջ համաձայնագիրը, որին պլանավորվում է ներառել Սաուդյան Արաբիային, Քաթարին, Թուրքիային եւ որոշ կետերում Իրանին:
Համաձայնագրով նախատեսվում է, որ սիրիական ընդդիմությունն իր անդամներից տարանջատի խմբավորումների գրոհայիններին: Գրոհայինները Հալեպը կլքեն, իսկ դրա փոխարեն Ասադն ու Ռուսաստանը կդադարեցնեն քաղաքի պաշարումը եւ հումանիտար օգնությունը քաղաք հասցնելու հնարավորություն կտան:




























