Հնդկաստանի ընդդիմադիր կուսակցությունները մտադիր են բողոքի ակցիա կազմակերպել նոյեմբերի 8-ին մեկնարկած դրամական բարեփոխումների դեմ, հայտնում է NDTV–ն։

Տարբեր քաղաքներում ընդդիմադիր «Հնդկական ազգային կոնգրես»  կուսակցության,  Հասարակ մարդու կուսակցության  եւ այլ շարժումների համախոհները պետք է բողոքի ակցիաներ կազմակերպեն։ Ընդդիմությունն ակնկալում է, որ ակցիային ներկա կլինի մի քանի մլն մարդ։

Երկրի որոշ շրջաններում ցուցարարները մտադիր են գործադուլ կազմակերպել։

Նոյեմբերի 8-ին Հնդկաստանի կառավարությունը հայտարարել էր, որ շրջանառությունից հանում է ամենախոշոր թղթադրամը՝ 1000 ռուփի արժողությամբ (15 դոլար), նորով է փոխարինում 500 ռուփի արժողությամբ հին թղթադրամը։ Շրջանառության մեջ էր դրվել նաեւ 2000 ռուփի արժողությամբ նոր թղթադրամ։