Փաստաբան Սելչեն Բայունը ցույց է տալիս իր հեռախոսով արված տեսագրությունը ու խորը հոգոց հանում։ Այն նկարահանվել է հուլիսի 15-ին, բայց հիմա էլ այն դիտելը շատ ծանր է։ «Իմ հաճախորդն է,- ասում է նա՝ ցույց տալով մի տղամարդու, որի գլխին վերք է,- նրան ու ուրիշներին ծեծել են, գլուխները պատին խփել, նա ոտքերի վրա այրվածքներ ունի, քանի որ ստիպել են ծնկի իջնել շիկացած ասֆալտի վրա։ Ես տեսել եմ, թե ինչպես էր ոստիկանը խեղդում իմ մյուս պաշտպանյալին հարցաքննության ժամանակ»։
Տեսագրություններում ցուցադրված մարդիկ կալանավորված են ու սպասում են դատավճռին՝ հուլիսյան հեղաշրջման փորձին մասնակցելու համար։ Նրանք նախկին զինծառայողներ են, որոնց մեղադրում են այն բանի համար, որ Թուրքիայի խորհրդարանն օդից ռմբակոծելու կարգադրություն են տվել, նաեւ զինվորներին հրամայել կրակել ցուցարարների վրա Ստամբուլում ու Անկարայում։
Վերջերս ավելի շատ հաղորդագրություններ են հայտնվել կալանավորվածների նկատմամբ բռնությունների ու կտտանքների մասին։ BBC-ն համոզիչ ապացույցներ է ստացել այդ տեղեկությունների վերաբերյալ։
Տեսագրությունը, որը ինձ ցույց է տալիս Սելչենը, հրապարակվել է հեղաշրջման փորձից հետո։ Այնտեղ երեւում են հեղաշրջման ենթադրյալ մասնակիցները՝ կոտրված քթերով ու գլխի ու ականջների ծանր վնասվածքներով։ Մյուս տեսագրությունում, որ համացանցում է հրապարակվել, ու որն ըստ երեւույթին ոստիկան էր նկարահանել, երեւում է, թե ինչպես են զինվորներին ծեծում ու ոտքով հարվածում։
BBC-ն նոր վկայություններ է ստացել այն մասին, որ Թուրքիայում բռնություններ են իրականացվել ոչ միայն հեղաշրջման փորձին մասնակցության համար կասկածվողների, այլեւ «ահաբեկչությանն աջակցելու համար» մեղադրվողների, այդ թվում քրդերի ու ձախ կազմակերպությունների անդամների հանդեպ ։
Քամիլ Ուլչը կալանավորվել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» հետ կապերի համար մեղադրանքով։ Նրան պահել են Ստամբուլի Էսենլեր ու Վատանմ թաղամասերի ոստիկանական բաժանմունքների նախնական ազատազրկման բանտախցում։ Նրա խոսքով իրեն դաժանաբար ծեծել են։
Նա պատմել է, որ սկզբում իր բերանի մեջ ատրճանակ էին դրել ու ասում էին, թե ինչ պետք է նա ասի, նաեւ թույլ չեն տվել զուգարան գնալ։ Իսկ հետո ավելի դաժան փորձություններ են սկսվել։
«Նրանք մոտ 200 մարդու լուսանկար ունեին, ու մեզնից պահանջում էին, որ ասենք, որ նրանք ՔԲԿ անդամներ են։ Երբ ես հրաժարվեցի ասել դա, ինձ սկսեցին տանջել։ Նրանք փոշտիցս ծանր բեռ էին կապել, մինչեւ հիմա աճուկիս մասում ցավ եմ զգում։ Մեզ վրա ջուր էին լցնում ու ծեծում։ Հետո մեզ հիվանդանոց տարան, ոստիկանները բժշկին կարգադրեցին չարձանագրել մեր վնասվածքները»,- պատմում է Քամիլը։
«Նրանք ինձ ասացին՝ եթե չխոսես, կնոջդ կբերենք ու կբռնաբարենք քո աչքի առաջ։ Հետո նրանք ինձ մի մութ սենյակ տարան ու փորձեցին այնտեղ բռնաբարել ինձ մահակով։ Չհաջողվեց, ու նրանք գնացին։ Բոլոր մյուս կտտանքները գուցեև ես մոռանամ, բայց այդ սեռական բռնությունը ընդմիշտ կմնա իմ հիշողության ամենամութ անկյունում»,- ասում է Քամիլը։
BBC-ն ստացել է բժշկական եզրակացություն, որում խոսում է սեռական բռնությունից երկու տղամարդու գանգատների մասին։ Այդ տղամարդկանց կալանավորել են մարքսիստական խմբավորմանը անդամակցելու համար։ Փաստաթղթում ասվում է, որ նրանց «առնանդամի մաշկը վնասվել է ու փոշտում ցավեր կան՝ առնանդամի ու փոշտի սեղմումի պատճառով»։
Ռեժիմի քաղաքական հակառակորդներին նույնպես հետապնդում են։ Քրդամետ «Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցության» առաջնորդների ու պատգամավորների կալանավորումից հետո բողոքի ակցիայի ընթացքում ձերբակալել են նաեւ նրանցից մեկի որդուն, թուրքական խորհրդարանի անդամ Չիխադ Սադչիօղլուին։ Նա լուրջ վնասվածքներ է ստացել ձերբակալության ժամանակ ու տեղափոխվել հիվանդանոց, որտեղ նրան այցելել է BBC–ի թղթակիցը։
Ողերի վնասվածքի պատճառով նա այնքան ուժեղ ցավեր ունի, որ շարժվելիս ցավից արտասվում է։ «Ձերբակալելուց հետո ինձ անընդհատ ծեծել են,- պատմել է նա,- հիվանդանոցում ոստիկանությունը բժիշկներից պահանջում էր չգրանցել վնասվածքները, բայց բժիշկները գրանցեցին, այդ ժամանակ ոստիկանները փախան ու նրանց փոխարինեցին ուրիշները»։
Իշխանությունները հրաժարվել են BBC–ի խնդրանքով մեկնաբանել տեղի ունեցածը։ Սակայն երբ հոկտեմբերին հրապարակվեց Human Rights Watch–ի զեկույցը, արդարատադության ու ներքին գործերի նախարարները իրավապաշտպաններին մեղադրեցին «Գյուլենի ահաբեկչական խմբի տեսանկյունից թեման միակողմանի լուսաբանելու» մեջ։ Իշխանությունները պնդում են, որ Թուրքիան պահպանում է օրենքի գերակայության սկզբունքը բանտարկյալների նկատմամբ կտտանքների ու դաժան վարվեցողության հարցում։
Կտտանքերի հարցով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը այս շաբաթ ժամանել է Թուրքիա։ Իրավիճակի մասին նրա գնահատականը կարեւորագույն գործոն կդառնա պարզելու համար՝ արդյոք Թուրքիան իրոք խախտում է միջազգային իրավունքը։ Կտտանքների արգելքը բացարձակ է ու տարածվում է այդ թվում պատերազմների ու արտակարգ դրության ռեժիմի վրա։




























