Ֆիդել Կաստրոյի մահը կասկածի տակ է դրել նախագահ Բարաք Օբամայի նախաձեռնությամբ ԱՄՆ-ու Կուբայի հարաբերությունների վերականգնումը, հատկապես երկու երկրներում սկսված անցումային պատմական ժամանակաշրջանի ֆոնին, գրում է Wall Street Journal պարբերականը։
«Դոնալդ Թրամփի խորհրդականները նոյեմբերի 27-ին հայտնել են, որ եթե Կուբայի կողմից զիջումներ չլինեն՝ ընտրված նախագահը կարող է հրաժարվել պատմական նշանակություն ունեցող դիվանագիտական առաջընթացից, որն ապահովել էր Օբաման»,- գրում են հոդվածագրերը։ Կուբայից ակնկալվում է քաղբանտարկյալների ազատ արձակում, շուկաների բացում, քաղաքական հետապնդումների վերացում նաեւ հավատի ազատության երաշխավորում։
«Ֆիդել Կաստրոն մահացել է,- գրել էր Թրամփն իր Twitter–ում, հետո հավելել․ «Չնայած այն ողբերգությանը, մահերին ու ցավին, որոնց պատճառը Ֆիդել Կաստրոն է եղել, մեր վարչակազմը կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի Կուբայի ժողովուրդը վերջապես կարողանա ճանապարհ սկսել դեպի բարգավաճում ու ազատություն»։
Akerman LLP իրավաբանական ֆիրմայում միջազգային պրակտիկայի ղեկավար ու Կուբայում բիզնես ունենալու մեջ շահագրգռված ամերիկացի հաճախորդների ներկայացուցիչ Պեդրո Ֆրեյրեն համարում է, որ Կաստրոյի մահը կարող է նպաստել հարաբերությունների կարգավորմանը, հայտնում է պարբերականը։
«Վերջին մեկ տարվա ընթացքում Թրամփի հակասական պնդումներից հնարավոր չէ հստակ հասկանալ, թե ինչպես կարող է նա արձագանքել Կաստրոյի մահվանը»,- ասվում է հոդվածում։ «Կուբայի վերաբերյալ նրա մտադրությունների մասին կարելի է ենթադրություն անել նրա ժամանակավոր թիմում Ֆինանսների նախարարությունում Մաուրիցիո Կլեյվեր - Կարոնեի նշանակումից։ Պահպանողական, Ամերիկա- կուբայական ժողովրդավարական քաղքական նախաձեռնության հանձնաժողովի տնօրեն Կլեյվեր- Կարոնեն դեմ էր արտահայտվում Կուբայի հետ հարաբերությունների կարգավորմանը»,- գրում է պարբերականը՝ հիշեցնելով, որ ֆինանսների նախարարությունն է պատասխանատու էմբարգոյի ռեժիմի համար։
Կուբայական ծագումով շատ ամերիկացիներ Կլեյվեր- Կարոնեի նշանակումը ազդանշան են համարում, որ Թրամփն իրոք լուրջ է տրամադրված Կուբայի հետ հարաբերությունների վերականգնման քաղաքականությունը վերանայելու հարցում։
Սակայն Կուբայի հարցերով փորձագետ Խավյեր Կորալեսի կարծիքով հարաբերությունների վերականգնման՝ Օբամայի քաղաքականությունը աջակցություն ունի նաև շատ հանրապետականների շրջանում։ Նա համարում է, որ եթե Թրամփը փորձի խոչընդոտել այդ քաղաքականությանը՝ կարող է տարաձայնություններ ունենալ իր կոալիցիայի կարեւոր մասնակիցների հետ ։
Քալիֆորնիական համալսարանի պրոֆեսոր Ռիչարդ Ֆեյնբերգի խոսքով էլ Կաստրոյի ներկայությունը զսպում էր Կուբայում բարեփոխումները, իսկ Կաստրոյի մահվանից հետո այդ զսպող գործոնն ինքնըստինքյան կվերանա։




























