Հայաստանում գրեթե բոլոր բիզնեսմեններն ուղղակի վախենում են ֆինանսավորել ընդդիմությանը։ Այս մասին նոյեմբերի 28-ին ԱԺ–ում ասել է պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

Նրա խոսքվ՝ գործարարները չեն գնում դրան պետական մարմինների հետ խնդիրներ չունենալու վախից։

«Մեզ վախենում են գրասենյակի համար տարածք տրամադրել։ Իսկ ընտրողների հետ մեր հանդիպումներից հետո այնտեղ են գալիս որոշ ծառայությունների աշխատակիցներ եւ հարցուփորձ են անում, թե ով էր եկել, ինչի մասին էր խոսել։ Պարզվում է, որ պետությունն այդքան ռեսուրս ունի։ Այդ ժամանակ ոչ թե մեզ հետեւեք։ Հետեւեք նրանց, ովքեր ավտոմատը ձեռքներին ոստիկանության շենք են գրավում»,– ասել է պատգամավորը։

Իսկ ինչ վերաբերում է ՀՀԿ–ին, ապա բավական է նայել ունեցվածքի հայտարարագրերին, որպեսզի հարց առաջանա, թե կարող է արդյոք մեկ այլ կուսակցություն գոնե մեկ քառորդի չափը հավաքել մեկ կամ 20 տարում։ «ԲՈՒՀ–երն ու հանրային ենթակառուցվածքների ընկերությունները քաղաքականության հանրապետականացման միջոց են դարձել։ Այդ կազմակերպությունները փաստացի ՀՀԿ–ի մասնաճյուղերն են դառնում»,– ասաց Մարուքյանը։