Նոյեմբերի 8-ի ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ լայնածավալ կեղծիքների մասին որեւէ ապացույց չի ներկայացվել, հայտնել է Սպիտակ տունը, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։
Հերթական ճեպազրույցի ժամանակ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էրնեսթը առաջարկել է այս հարցով մեկնաբանությունների համար դիմել Դոնալդ Թրամփի անցումային թիմին։ Միաժամանակ նա հավելել է․ «Որպես օբյեկտիվ փաստ կարող եմ ասել, որ նման հայտարարությունները հիմնավորող որեւէ ապացույց չի ներկայացվել»։
Այս առթիվ մեկնաբանություններ են հնչել այն կապակցությամբ, որ ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը օրերս «Թվիթեր»-ում հայտնել է երեք նահանգներում միլիոնավոր ապօրինի ձայների ու խաբեությունների մասին։
Այս համատեքստում Թրամփը հիշատակել էր մասնավորապես Վիրջինիա, Քալիֆորնիա ու Նյու Հեմփշիր նահանգները, որտեղ հաղթել է դեմոկրատների թեկնածու Հիլարի Քլինթոնը։ Թրամփն այս թեմային անդրադարձել էր, քանի որ Քլինթոնը հայտարարել էր, որ մասնակցելու է Վիսկոնսին, Միչիգան ու Փենսիլվանիա նահանգներում ձայների պաշտոնական վերահաշվարկին, որը նախաձեռնել է ընտրություններում կանաչների կուսակցությունից առաջադրված թեկնածու Ջիլ Սթեյնը։ Այդ նահանգներում ձայների մեծամասնույթունը Թրամփն էր ստացել։




























