Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է իր երկրում կապիտալիզմի վերջի սկզբի մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«2016 թվականը դարձել է կապիտալիստական ռենտայի ավարտի առաջին տարին, որը կախված էր նավթային մոդելից, իսկ 2017 թվականը կդառնա նոր տնտեսական հետռենտային արտադրական սոցիալիզմի մոդելի «շարժիչների» մեկնարկի առաջին տարին, որը հանուն վենեսուելացիների բարեկեցության եւ կյանքի զարգացման առանցքային բաղկացուցիչն է»,- ասել է նա:

Նա պարզաբանել է, որ ընթացիկ տարում 15 նոր օրինագծեր են պատրաստվել (որոնք նա տնտեսական զարգացման շարժիչ է համարում), որոնք ամբողջ հզորությամբ կգործարկվեն հաջորդ տարի:

Նույն օրը Մադուրոն ստորագրել է, այսպես կոչված, համար 36 փոխանակման կոնվենցիան, որը զբոսաշրջային օպերատորներին թույլ կտա իրենց ծառայությունների դիմաց վճարումները դոլարով ստանալ: Նախկինում Վենեսուելայում արտարժույթով գործարքներն արգելված էին:

Նոր դրույթն արդեն ուժի մեջ է մտել: Այսուհետեւ զբոսաշրջային ծառայություններ մատուցող ընկերություններն իրենց արտարժութային հասույթի 40 տոկոսը կներդնեն սեփական բիզնեսի հետագա զարգացման համար, իսկ 60 տոկոսը պարտավոր են պետությանը հանձնել: