Իտալիայի առափնյա պահպանության հաղորդմամբ՝ երկուշաբթի Միջերկրական ծովում մոտ 1400 միգրանտի են փրկել, փոխանցում է AFP-ն:

«Դա անչափ դժվար օր էր, սակայն ստորաբաժանումների աշխատանքի շնորհիվ բոլոր միգրանտները փրկվել են»,- գործակալությանը հայտնել է առափնյա պահպանության ներկայացուցիչը:

Իտալիայի իշխանությունները հայտնել են, որ երկուշաբթի գրանցվել է այս տարի ծովով ժամանողների ռեկորդային թիվ: Գործակալության տեղեկություններով՝ 2016 թվականին Միջերկրական ծովով ժամանել է մոտ 171 հազար միգրանտ, մինչդեռ 2014 թվականի նախորդ ռեկորդը կազմել էր 170 հազար մարդ:

Միգրանտների մեծ մասը գալիս է աֆրիկյան երկրներից, որոնց բնակիչները փորձում են Եվրոպա հասնել Լիբիայի ափերից:

Անցած շաբաթ Միգրացիայի միջազգային կազմակերպությունը հայտնել է, որ 2016 թվականին Եվրոպայի ափ հասնելու փորձերի ժամանակ Միջերկրական ծովում զոհվել են շուրջ 4.7 հազար միգրանտներ եւ փախստականներ: