Հնդկաստանի իշխանությունները որոշել են նախագիծ գործարկել՝ աշխարհում ամենաերկար գետը ստեղծելու համար: Այս մասին հայտնում է New Scientist-ը:
Ծրագրվում է ջրանցքներ փորել, որոնք կմիավորեն Հնդկաստանի տարածքով հոսող ամենամեծ գետերը: Դրանք կանցնեն Հիմալայներից մինչեւ Դեկան սարահարթ: Կստեղծվի, ընդհանուր առմամբ, 30 ջրանցք եւ 3 հազար ջրամբար: Արհեստական գետի երկարությունը երկու անգամ կգերազանցի Նեղոսի երկարությունը: Նախագծի հեղինակների խոսքով՝ նման ցանցի ստեղծումը երաշտի ժամանակ ջրով կապահովի վիթխարի տարածք: Այս ջրանցքները նաեւ ջրհեղեղից կպաշտպանեն այն շրջանները, որոնք անձրեւների շրջանում տառապում են գետերի վարարումից:
Նախագիծը Հնդկաստանին 35 մլն հեկտար հող «կնվիրի»: Նոր ջրամբարների վրա հզոր ՀԷԿ-եր կկառուցվեն: Միեւնույն ժամանակ, երկրաբանները եւ էկոլոգները վախենում են, որ այսպիսի գետի ստեղծումը կարող է աղետալի լինել: Այն կարող է էականորեն փոխել երկրի առանձին շրջանների էկոհամակարգը, նույնիսկ կլիման:





























