Կուբայի մայրաքաղաք Հավանայում Ֆիդել Կաստրոյի հիշատակին նվիրված ակցիային հարյուր հազարավոր մարդիկ են հավաքվել։ Շարքային կուբացիներին Հեղափոխության հրապարակում  միացել են արտասահմանյան պատվիրակությունների պաշտոնյաները, հայտնում է Newsru–ն։

Հանրահավաքը սկսվել է պետական օրհներգի հնչյունների ներքո, որից հետո հրապարակում հնչել է Ֆիդել Կաստրոյին նվիրված բանաստեղծություն։

Reuters–ը հայտնում է, որ շատերի համար, հատկապես Լատինական Ամերիկայում, Ֆիդելը ԱՄՆ իմպերիալիզմի դիմակայության խորհրդանիշ է դարձել։ Միաժամանակ ԱՄՆ–ում կուբայական համայնքը տոնում էր Կաստրոյի մահը՝ նրան  համարելով բռնապետ, որը երկիրը հասցրել է աղքատության դուռը։

Նշենք, որ Ֆիդել Կաստրոն մահացել էր նոյեմբերի 25-ին 90 տարեկան հասակում։ Նրա հուղարկավորությունը կկայանա դեկտեմբերի 4-ին Սանտյագո դե Կուբա քաղաքում։