ԱՄՆ-ի եւ Չինաստանի գիտնականները համատեղ հետազոտություն են կատարել, որի ընթացքում նրանց հաջողվել է բացասական հիշողությունների դեմ պայքարի նոր միջոց հայտնաբերել: Այս մասին հայտնում է Nature Communications-ը:
Մասնագետների խոսքով՝ վերապրած բացասական իրավիճակները որքան հնարավոր է արագ մոռանալու համար անհրաժեշտ է քունը կրճատել:
Հետազոտողները փորձ են իրականացրել, որին 73 կամավոր է մասնակցել: Փորձի ընթացքում մասնագետները մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի սարքի միջոցով հետեւել են նրանց գլխուղեղի աշխատանքին: Նյարդակենսաբանները նրանց առաջարկել են փորձել մոռանալ անցյալի տհաճ պահերը:
Պարզվել է, որ առավել վատ են մոռացվել այն բացասական պահերը, որոնք տեղի են ունեցել քնելուց կարճ ժամանակ առաջ: Գիտնականների խոսքով՝ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ կարճաժամկետ հիշողությունը երկարաժամկետի է փոխարկվել այն պահին, երբ մարդը քնել է: Ուստի բացասական իրավիճակները չհիշելու համար ավելի լավ է դրանցից անմիջապես հետո չքնել:





























