Սաուդյան միլիարդատեր, գործող թագավորի զարմիկ, արքայազն Ալ Վալիդ իբն Թալալ Աս Սաուդը կոչ է արել անհապաղ վերջ դնել Սաուդյան Արաբիայում գործող՝ կանանց մեքենա վարելու արգելքին։ Այս մասին նա գրել է Twitter–ի իր էջում։

«Կանանց՝ մեքենա վարելու իրավունքը հրատապ սոցիալական պահանջ է, որը պայմանավորված է գործող տնտեսական հանգամանքներով։ Այսօր կանանց՝ մեքենա վարելու իրավունքի արգելքը հավասարազոր է կրթության կամ անձնական փաստաթուղթ ունենալու արգելքին»,– գրել է արքայազնը, որը ոչ մի առանցքային պաշտոն երկրում չի զբաղեցնում։

Նրա խոսքով՝ նման արգելքները ավանդական հասարակության  անարդարացի վերաբերմունքի հետեւանք են, որը ավելի շատ է սահմանափակում կնոջը, քան օրենսդրորեն սահմանված է կրոնով։

Սաուդյան Արաբիայում, որտեղ օրենսդրությունը գործում է շարիաթի սկզբունքների վրա, կնոջն արգելված է մեքենա վարել։