Թուրքիայի բոշաների` սեփական ինքնության ընկալումը բացահայտելու նպատակով Akunq.net–ից Մելինե Անումյանը Արդվին նահանգի Խոփա քաղաքում հանդիպել է տեղի քաղաքապետարանում աշխատող Ջեմիլ Էրեմջիի (52 տարեկան), Գյուլթեքին Քարաթաշի (47 տարեկան) եւ էմրահ Քարաթաշի (32 տարեկան) հետ:

Նրանք բոլորն էլ ծագումով Արդվին նահանգի Շավշաթ գավառից են (Ջեմիլ Էրեմջին Ջեւիզլի գյուղից է, իսկ Գյուլթեքին եւ Էմրահ Քարաթաշները` Քիրելլի գյուղից), եղել են Lom-Der միության անդամ, իսկ Ջեմիլ Էրեմջին` սույն կազմակերպության փոխնախագահը:

Մեզ հետ զրույցում անդրադառնալով Lom-Der միության նպատակին եւ գործունեությանը` կազմակերպության փոխնախագահ Ջեմիլ Էրեմջին նշեց, որ իրենք նախապես հույս ունեին, թե բազմաթիվ բոշաներ կանդամագրվեն միությանը, եւ որ կկարողանան նաեւ դրսից նյութական օժանդակություն ապահովել, սակայն այդպես չեղավ:  Ըստ նրա` Lom-Der-ի հիմնական նպատակներից մեկն էլ մշակույթի պահպանումն էր:

Գյուլթեքին Քարաթաշը շեշտելով, թե իր կարծիքով` բոշաները ծագում են Ախալցխայի թուրքերից, իրենց կողմից բազմաթիվ հայերեն բառերի գործածումը «բացատրեց» տեղի համշենցիների հետ իրենց սերտ շփումների հանգամանքով: «Մեր լեզվի բառերի 80 տոկոսը համշեներենից է վերցված»,-ասաց Գյուլթեքին Քարաթաշը: Անդրադառնալով նաեւ կրոնի հարցին` նա ընդգծեց, թե իրենք հարկադրաբար են մահմեդականություն ընդունել:

Նրանցից համեմատաբար երիտասարդ Էմրահ Գյուլթեքինն էլ հայտնեց, որ բոշա երիտասարդներն արդեն սկսել են մոռանալ իրենց մայրենի լեզուն, իսկ ընդհանրապես այն որպես գաղտնալեզու է կիրառվում լոմերի շրջանում: Էմրահ Գյուլթեքինը նշեց, թե ինքը դեռեւս չի կողմնորոշվել իրենց ծագման հարցում. Ախալցխայի թո՞ւրք են, հա՞յ, թե՞ գնչու: Միայն գիտակցում է, որ իրենց լեզուն նման է համշեներենին:

Ինֆորմանտները վերջում հայտնեցին, որ բոշաների մեծ մասը Խոփա գավառում հարում է ձախակողմյան հոսանքներին: