Արարատի մարզի Դվին գյուղի 33-ամյա բնակչուհի Ռուզաննա Արզումանյանն իր 6 անչափահաս երեխաների հետ դրսում հայտնվելու վտանգի առջեւ է հայտնվել: NEWS.am-ի հետ զրույցում Ռուզաննան պատմեց, որ տարիներ առաջ իր համագյուղացուց տուն է գնել՝ նախապես վճարելով 5000 ԱՄՆ դոլար՝ 2800 դոլարն ավելի ուշ վճարելու պայմանավորվածությամբ: Սակայն, այսօր տան սեփականտերը պահանջում է՝ կամ վճարել մնացած պարտքը, կամ լքել տունը:

«Ասում է՝ դուրս եկեք, կվաճառեմ տունը, տվածդ 5000 դոլարն էլ կտամ: Բայց դուրս գամ՝ ու՞ր գնամ վեց երեխաներիս հետ»:

Ռուզաննա Արզումանյանը նշեց, որ երեխաներից ավագը 13 տարեկան է, իսկ փոքրը՝ 6 ամսական. «Ամուսին ունեմ, նա վատառողջ է, չենք կարողանում աշխատել: Զբաղվում էինք առեւտրով, բայց առեւտուրն էլ արգելեցին, թուլ չտվեցին, որ գոնե առեւտրով մեր երեխաներին պահեինք: Ոչ թողնում են մեր աշխատանքով պահենք մեր երեխեքին, ոչ էլ իրենք են օգնում, էս պետությունից ընդհանրապես գլուխ չենք հանում»: