Արցախում գլխի շրջանում ծանր վիրավորում ստանալուց 4,5 ամիս անց` նոյեմբերի 29-ին, հոսպիտալում մահացած 20-ամյա Նարեկ Ասատրյանը դպրոցը չի հասցրել ավարտել, քանի որ ստիպված էր աշխատել` ծնողներին խնամելու համար:

«Նարեկն ավարտական դասարան չեկավ, ասում էր` պետք է աշխատեմ, ծնողներիս պահեմ, ատեստատ ի”նչ եմ անում, եթե ծնողներիս չեմ կարող պահել»,- արցունքն աչքերին պատմում են Նարեկի ուսուցիչները:

Նարեկ Ասատրյանն ընտանիքի միակ երեխան էր, հայրն ու մայրն առողջական խնդիրներ ունեն, նրանց միակ խնամողն ու պահողը Նարեկն էր: Դպրոցական տարիներից նա աշխատում էր գյուղի ծաղկանոցում, որ կարողանա գոնե մինիմալն ապահովի ծնողների համար:

«Շատ խելոք երեխա էր, ծառայության ընթացքում բոլորը Նարեկիս անունով էին երդվում, լիքը պատվոգրեր ուներ, հրամանատարները զանգում, քրոջս ասում էին` ընտիր տղա ես մեծացրել, բայց չկարողացան էս ընտիր երեխուն պահել, որ ծառայությունն ավարտի, գա հասնի ծնողներին»,- ասում է մորաքույրը` տիկին Լարիսան ու հավելում. «Մի օրից գալու էր Նարեկս, ընդամենը մի օրից, բայց… մեր Նարեկը չէր… գլուխն ամբողջությամբ վնասված էր, միայն սիրտն էր աշխատում, ասում էին` սպորտսմենի սիրտ ա, որ էդքան իրան պահեց»:

Թե ինչպիսի հանգամանքներում է ծառայությունն ավարտելուց ընդամենը մեկ օր առաջ վիրավորվել զինծառայողը, Պաշտպանության նախարարությունն առ այսօր պաշտոնապես չի հայտնել, նույնիսկ վիրավորվելու մասին հուլիսի 16-ին հաղորդագրություն չէին տարածել: Ինչպես օրեր առաջ Արծրուն Հովհաննիսյանն էր մեզ ասել, պարտադիր չէ բոլոր վիրավորների մասին հաղորդագրություն տարածել:

«Ասում են` ականի պայթյունից է վիրավորվել, բայց մենք ի՞նչ գիտենք, թե ինչ է եղել»,- նշում են հարազատները:

Հարազատների խոսքով` Նարեկը միշտ էլ հենց առաջին գծում է ծառայել, զորամասի լավագույն զինծառայողներից է եղել, այդ պատճառով ամենադժվար դիրքերը հենց նա է պահել:

Հիշեցնենք, որ Նարեկն ապրիլյան պատերազմի մասնակից է: