ՅՈՒՆԵՍԿՕ-ն յոգան ներառել է մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։ Այս մասին հայտնել է Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վիկաս Սվարուփը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»
«Հնդկաստանի դիվանագիտական հաղթանակն է դարձել այն, որ ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության հարցերով հանձնաժողովը յոգան ներառել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում, որպես մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգություն»,- հայտնել է Սվարուփը Նյու Դելիում ճեպազրույցի ժամանակ։
Նրա խոսքով այս որոշմանը կողմ են քվեարկել հանձնաժողովի բոլոր 24 անդամները։
«Սա շեշտում է յոգայի դերը որպես սոցիալական պրակտիկա, բանավոր ավանդույթ ու հին գիտական գիտելիքի համակարգ, որը նպաստում է կաստաների, դավանանքների, սեռերի ու ազգությունների միջեւ ներդաշնակությանն ու խաղաղությանը»,- հայտնել է դիվանագետը։
Նա նաեւ հավելել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից յոգայի ճանաչումը կօգնի լրացուցիչ ուշադրություն գրավել Հնդկաստանում համապատասխան կառույցների նկատմամբ։ Նաեւ կդրդի երկխոսության խաղաղության ու հանդուրժողականության գաղափարների շուրջ։





























